Սեռը փոխել ցանկացողներ կան նաև Հայաստանում. պլաստիկ վիրաբույժ
Հայաստանում կան պլաստիվ վիրահատության միջոցով սեռը փոխել ցանկացողներ, այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց 3-րդ քաղաքային հիվանդանոցի պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Գևորգ Ստեփանյանը:
«Մենք էլ բոլոր ազգերի նման ազգ ենք և մեր հասարակության մեջ էլ կան այնպիսի մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց սեռը փոխել»,- ասաց նա:
Բժիշկը վստահեցրեց, որ մինչ օրս Հայաստանում նման վիրահատություն չի կատարվել: Պատճառը ոչ թե համապատասխան մասնագետներ չունենալն է, այլ դրա մասին համապատասխան օրենքի բացակայությունը:
Բժիշկը չցանկացավ այս թեմայի շուրջ պատասխանել բոլոր հարցերին, սակայն նշեց, որ Հայաստանում եզակի մարդիկ են, որ դիմում են սեռական օրգանների պլաստիկ վիրահատություն կատարելու համար։
«Խնդիրներ շատերն ունեն, և ունեն նաև ցանկություն, բայց մարդիկ կոմպլեքսավորվում են, վախենում են, որ որևէ մեկը կիմանա դրա մասին»,– ասաց նա:
Խոսելով, ընդհանրապես, Հայաստանում իրականացվող պլաստիկ վիրահատությունների մասին, բժիշկը նշեց, որ, քանակական առումով, առաջին տեղում շարունակում է մնալ քթի վիրահատությունը, այնուհետև՝ ականջախեցիների, որովայնի շրջանի և կրծքագեղձերի պլաստիկ վիրահատություններն են:
Գևորգ Ստեփանյանը նշեց, որ վերջին շրջանում շատացել են կրծքագեղձերի պլաստիկ վիրահատությունները, սակայն մարդիկ հաճախ են դա թաքցնում՝ ի տարբերություն քթի պլաստիկ վիրահատության:
Բժիշկը նշեց, որ այսօր Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը զարգանում է համաշխարհային տենդենցներին համապատասխան, և որ հայ պլաստիկ վիրաբույժները տեղյակ են նորագույն բոլոր մեթոդներին: Վիրահատությունից հետո ծագող խնդիրները հիմնականում այնպիսին են, ինչպիսին բժշկության այլ ոլորտի վիրահատություններից հետո:









