Մոսկովյան մետրոյում երկու անձանց վրա կրակած անձը երիտասարդ աղջիկ է
27-ի գիշերը Մոսկվայի մետրոյի «Ցվետնոյ բուլվար» կայարանում կրակահերթ բացած անձն աղջիկ է, հայտնում է Life News-ը` վկայակոչելով իրավապահներին: Կրակահերթի հետևանքով լուրջ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել «Ռոսբանկ»-ի 22-ամյա աշխատակից Իվան Բելոուսովը: Երկրորդ վիրավորը` Իբրահիմ Կուրբանովը, թեթև վնասվածքներ էր ստացել և դուրս գրվել հիվանդանոցից:
«Գիշերվա ժամը 1.00-ին ես գնում էի տուն: Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ մենք չհասցրեցինք հասկանալ` ինչի՞ համար են մեզ վրա կրակում: Մեզ հետ երթևեկում էին մի խումբ երիտասարդներ և նրանց հետ մի աղջիկ, նա էլ սկսեց կրակել մեզ վրա: Հնարավոր է` նրան թվացել է, թե մենք զինված ենք, դրա համար է կրակել, չեմ կարող ասել»,- պատմել է Իվանը, ում փամփուշտներից մեկը վնասել է թոքերը:
Մետրոյում կատարվածը ֆիքսել է տեղադրված տեսախցիկը: Հարուցվել է քրեական գործ:









