Գագիկ Ծառուկյանը դեռ ԱԱԽ անդամ է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության խորհրդի անդամ է, և այս պահին ԱԱԽ կազմում որևէ փոփոխություն չկա, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության և ԱԱԽ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը։
Վերջինս նաև հաստատեց, որ առաջիկայում խորհրդի նիստ կամ նիստեր կհրավիրվեն, որոնց օրակարգում կլինեն նաև Անվտանգության խորհրդի կազմի փոփոխություններին վերաբերող հարցեր: Ըստ նրա՝ նիստի ստույգ օրը դեռ նշանակված չէ:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով օրերս տարածած հայտարարությամբ աննպատակահարմար համարեց ապագա կոալիցիայի ձևավորմանն իր ղեկավարած քաղաքական ուժի մասնակցությունը, Ազգային անվտանգության խորհրդի անդամ է:
«Այն ժամանակ Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԽ-ում ներգրավելու վերաբերյալ որոշում եղավ, և պարոն Ծառուկյանն ընդգրկվեց որպես Հայաստանում երկրորդ ամենամեծ կուսակցության խմբակցության ղեկավար»,- ասաց Հարություն Ամիրյանն՝ ի պատասխան հարցին, թե ժամանակին ինչո՞վ էր պայմանավորված Գագիկ Ծառուկյանի ընդգրկումը ԱԱԽ կազմում, եթե դրանում ներգրավված են միայն ՀՀ պետական բարձրագույն պաշտոններ ունեցող անձինք:
Հիշեցնենք, որ ԱԱԽ կազմում ընդգրկված են՝ Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ փոխվարչապետը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, Գլխավոր դատախազը, Ազգային անվտանգության ծառայության պետը, ՀՀ ոստիկանապետը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Ի պատասխան հարցին, թե ԱԱԽ կազմն ամբողջությամբ պետք է հրաժարական տա՞, երբ նորընտիր ԱԺ-ի լիագումար նիստից հետո հրաժարական կտա գործող կառավարությունը, Հարություն Ամիրյանը պատասխանեց, որ այն անձը, ով տվյալ պահին չի լինի իր պաշտոնում, ինքնաբերաբար դուրս կգա ԱԱԽ կազմից:









