Ես վճռական եմ օրենսդիր մարմնում աշխատելու. Հեղինե Բիշարյան
«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը վճռական է տրամադրված աշխատելու օրենսդիր մարմնում որպես պատգամավոր։
Այսօր լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ինքը միշտ հետևում է մամուլի հրապարակումներին, որտեղ իրեն կամ գործադիր մարմին են տանում, կամ օրենսդիր:
«Ես միշտ հետևում եմ մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն ինձ մեկ գործադիր եք տանում, մեկ օրենսդիր: Տանում եք, բերում եք: Նախարար եք նշանակում, հետո բերում ԱԺ փոխնախագահ եք նշանակում, ազատում եք»,– ասաց նա:
«Ես դեռ համբերությամբ հետևում եմ, թե դուք ի՞նչ եք ուզում անել ինձ հետ»,- նշեց Հ. Բիշարյանը՝ ավելացնելով, որ կադրային նշանակումները պարզ կդառնան առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ օրերս տարբեր լրատվամիջոցներ գրում էին, թե Հեղինե Բիշարյանը կդառնա կամ ՀՀ կրթության և գիտության նախարար, կամ կզբաղեցնի ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնը:
Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրաժարվեց շարունակել ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ համատեղ կոալիցիայում մնալ, և, ըստ այդմ, ԱԺ փոխխոսնակի, 4 նախարարի և երկու մարզպետի պաշտոն ազատվում է:
Մամուլում գրվել է նաև, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիային չմիանալը ամենից շատ ուրախացրել է ՕԵԿ-ականներին:









