Մի դետալ մեր քաղաքից հետ բերենք. ֆեյսբուքյան նախաձեռնություն հանուն Կարաբալայի վերադարձի
Օրերս Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է հայտնի ծաղկավաճառ Կարաբալայի արձանի շուրջ քաղաքացիական նախաձեռնություն, որի անդամները կոչ են անում Կարաբալայի արձանը վերադարձնել իր նախկին տեղը:
«Սիրելի երևանցինե՜ր, ամեն օր տեսնելով Կարաբալայի արձանը «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմաց լքված կանգնած, ափսոսում եմ, որ իբր թե արձանի լինելիությամբ հարգանք ենք մատուցում իրեն... եկեք փորձենք նրան տեղափոխել Աբովյան փողոցի իր նախկին տեղը, որտեղ նա անցորդներին, իրոք, կբաժանի իր վարդերը»,- կոչ է անում քաղաքացիական նախաձեռնության անդամ Արամազդ Իսկանդարյանը:
Քաղաքացիական խմբի անդամների գնահատմամբ՝ այս փոքր քայլը մի դետալ կլինի Երևանի՝ մեր հին քաղաքի, նախկին տեսքը վերականգնելու ուղղությամբ:
Կարաբալայի արձանի հեղինակ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը երկու ձեռքով կողմ է արձանը «Մոսկվիչկա» սուպերմարկետին հարող տարածքից տեղափոխելուն.
«Ես քաղաքապետի հետ մեկ շաբաթ առաջ եմ խոսել, ասեցի՝ անմիջապես պետք է տեղափոխենք, ասաց՝ բացումն էլ ես եմ անելու»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Թոքմաջյանը:
Քանդակագործն այսօր պատրաստվում է հանդիպել քաղաքացիական խմբի անդամների հետ և ամենալավ լուծումը համարում է այն, որ արձանը տեղադրվի իր նախկին տեղում՝ Աբովյան փողոցում՝ «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի դիմաց.«Հին և նոր Երևանի արանքում. բովանդակային առումով էլ տենց ճիշտ է՝ Կարաբալան դառնում է հին և նոր Երևանի կապող մի օղակ: Այսինքն՝ «նոր Երևան» ասելով նկատի ունեմ Հյուսիսային պողոտան»,- նկատեց քանդակագործը:
Հիշեցնենք, որ Կարաբալայի արձանը մի քանի տարի առաջ անսպասելի անհետացավ Աբովյան փողոցից և մի «գեղեցիկ» օր էլ հայտնվեց «Մոսկվիչկա» սուպերմարկետի կողքին:
Սա անսպասելի քայլ էր, ինչպես երևանցիների, այնպես էլ անձամբ Լևոն Թոքմաջյանի համար:
« Մի օր տեսա, որ՝ չտեսա: Նույնիսկ էդ կաֆեի տերը՝ Գևո՞րգ էր, Գրիգո՞ր էր, ասաց՝ տանե՞մ դիմացի մայթ, ասի՝ բեր: Հետո, տեսնեմ չկա: Հետո ման եկա, ման եկա, տենամ՝ տարել են «Մոսկվիչկա» խանութի մոտ: Թե ո՞վ ա տարել, ոնց ա եղել, չեմ իմանում»:
Լևոն Թոքմաջյանը դեմ չէ նաև, որ Կարաբալայի արձանը դրվի «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի մոտ, ինչի մասին ժամանակին «Հին Էրիվան»-ի նախկին սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը մի քանի անգամ Լևոն Թոքմաջյանին առաջարկել էր:










