Աշխարհի հնագույն դիմակը կհանվի աճուրդի
Նյու Յորքի Christie's աճուրդի տանը, հունիսին վաճառքի կհանվի նեոլիթի ժամանակաշրջանի դիմակ, որը հոկեյիստի դիմակ է հիշեցնում: Կրաքարից պատրաստված դիմակի մեկնարկային գինը 400-600 հազ դոլար է:
Ինչպես հաղորդում է «Բիզնես սթայլ»-ը, գտածոն հայտնաբերվել է Իսրայելի տարածքում: Շոգն ու չոր եղանակը թույլ են տվել նրան գոյատևել մինչ մեր օրերը: Դիմակն ունի քիթ, աչքերի համար անցքեր, նաև արվել է ատամնաշար:
Դիմակի մասին շատ քիչ բան է հայտնի, այդ իսկ պատճառով մասնագետներին մնում է միայն մի քանի հիպոթեզներ առաջ քաշել, որոնցից մեկի համաձայն` դիմակը դրվել է հանգուցյալների դեմքերին: Որոշ վարկածների համաձայն` այն եղել է պատի զարդարանք կամ արձանի մաս:
Christie's աճուրդի տանը վաճառքի կհանվեն ընդհանուր առմամբ 260 իրեր, որոնց վաճառքից նախատեսվում է ստանալ մոտ 8 մլն դոլար:









