Առաջիկա Ազգային ժողովը ավելի քաղաքականացված է և ավելի ակտիվ կլինի. ՀՀԿ-ական պատգամավոր

16:44 • 28.05.12

ՀՀ 5-րդ գումարման ազգային ժողովը ավելի քաղաքականացված է, և կլինի ավելի ակտիվ, ինչը նման է եվրոպական պառլամենտարիզմին: Այսօր Tert.am-ի հետ զրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տարբերություն կա նախորդ և գալիք խորհրդարանների միջև:

 

«Եվրոպային շատ արագ ենք ընդօրինակել, և ես կարծում եմ մեզ մոտ էլ կձևավորվի եվրոպական պառլամենտարիզմ: Այս Ազգային ժողովի առավելությունը նախորդից այն է, որ ավելի քաղաքականացված է՝ մեկ, և երկրորդ՝ կլինի էլ ավելի ակտիվ»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

 

Հարցին, թե ճիշտ են մամուլում հրապարակումներն այն մասին, որ վերջինս դասընթացների է գնում և սովորում է ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքը, որպեսզի ՀՀ ԱԺ 5-րդ գումարման 1-ին նստաշրջանի անդրանիկ նիստը վարի, Մ. Մինասյանն ասաց, որ կարող են շատ բաներ գրել, բայց իրեն անգրագիտության մեջ մեղադրել չեն կարող:

 

«Գիտեք ես շատ երկար տարիներ ԱԺ-ում աշխատել եմ որպես պատգամավոր, շատ նիստեր եմ վարել, բայց չի կարելի ինձ մեղադրել անգրագիտության մեջ, այդ կանոնակարգ օրենքը ես անգիր գիտեմ»,- եզրափակեց Մ. Մինասյանը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ անդրանիկ նիստը վարում է ՀՀ ԱԺ նորընտիր պատգամավորներից ամենատարեցը, այս դեպքում ամենատարեց պատգամավորը Մկրտիչ Մինասյանն է, ով մայիսի 31-ին ԱԺ անդրանիկ նիստի ժամանակ, մինչ ՀՀ ԱԺ նախագահի և նրա տեղակալների ընտրությունը վարելու է նիստը: