Հայաստանի առաջին հանրապետության կործանման պատճառը վատ տնտեսությունն էր. պատմաբան

12:11 • 28.05.12

Հայաստանի Առաջին Հանրապետության կործանման պատճառը նորմալ տնտեսություն չունենալն էր. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը։
Պատմաբանը նշում է, որ ներկայիս հանրապետությունում ևս կա նույն խնդիրը:


«Սա շատ կարևոր է, և պետք է հասկանանք, ամրապնդենք մեր տնտեսությունը, հզոր տնտեսություն պետք է ստեղծել, որպեսզի ժողովուրդը չլքի ու չգնա երկրից: Մենք չպետք է լինենք սպասարկող երկիր, պետք է դառնանք արտադրող և արտահանող: Միայն այդ ժամանակ կլուծվի տնտեսության հարցը»,- ասաց պրոֆեսորը:


Տնտեսությունից բացի, Բաբկեն Հարությունյանը նշեց, որ մենք այսօր պետք է աչքի լույսի պես պահենք մեր բանակը, որովհետև, ըստ նրա, այն ժողովուրդը, ով չի ցանկանում պահել ու կերակրել իր բանակը, ի վերջո, վճարում է ուրիշի բանակի համար:


Ասուլիսում ներկա ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ևս կարևորեց բանակի ամրապնդման և հզորացման հանգամանքը, նկատելով. «Հզոր բանակը երկրի գոյության առաջին երաշխավորն է»:


Պատմաբան Բաբկեն Հարությունյանը պետության զարգացման համար կարևոր հանգամանք համարեց ճկուն քաղաքականություն վարելը. «Մեր քաղաքականությունը պետք է լինի ճկուն և ... պետք է կառավարվի ճկուն ուղեղների կողմից: Պետք է կարողանալ հեռուն տեսնել»,- ասաց նա:


Պատմաբանը համեմատություն անցկացնելով Հայաստանի առաջին և երրորդ հանրապետությունների միջև, նշեց, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր Հայաստանն ունի ճանապարհային հաղորդակցության խնդիր: