Հաճախ չեն տեսնում Անջելինա Ջոլիի քիթը, որի մասին երազում էին. պլաստիկ վիրաբույժ

14:10 • 28.05.12

Հայաստանում պլաստիկ վիրաբուժությանը դիմողների քանակը տարեցտարի ավելանում է, սակայն հաճախ մարդիկ դժգոհում են, քանի որ սպասելիքները չեն արդարանում, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 3-րդ քաղաքային հիվանդանոցի պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Գևորգ Ստեփանյանը:


«Հաճախ նրանք ոչ թե դժգոհ են լինում, այլ պարզապես չեն տեսնում Անջելինա Ջոլիի Քիթը, որի մասին երազում էին, բայց դա անհատական է և հաճախ հենց քթի ձևից է կախված»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանում քթի վիրահատությունների քանակը շարունակում է գերակշռել պլաստիկ վիրահատությունների ընդհանուր թվի մեջ։


«Թեև դա կախված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, բայց դա չի խանգարում, որ մարդիկ դիմեն պլաստիկ վիրաբուժությանը իրենց արտաքինի մեջ որևէ բան փոխելու՝ իրենց աչքի համար ավելի գեղեցիկ դարձնելու համար»,- ասաց նա և նշեց, որ Հայաստանում քթի վիրահատությանը շատ են դիմում նաև տղաները:


Գևորգ Ստեփանյանը նշեց, որ եթե օրինակ ականջախեցիների վիրահատությունը կարելի է անել մինչև երեխայի դպրոց գնալը՝ չբարդույթավորվելու համար, ապա քթի վիրահատության չի կարելի դիմել 17-18 տարեկանից ավելի շուտ:
«Այդ տարիքում է, որ կարելի է ավարտված համարել մարդու օրգանիզմի հասունացումը և կայացումը: Իսկ շատ ավելի մեծ տարիքում վիրահատություն անելը կախված է տվյալ մարդու օրգանիզմից»,- ասաց նա:


Բժիշկը նշեց, որ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները՝ հատկապես ռուսաստանաբնակները, քթի վիրահատության համար հաճախ գալիս են Հայաստան։


Խոսելով մինչվիրահատական և հետվիրահատական դեպրեսիաներից՝ բժիշկը նշեց, որ իրենք հոգեբանական աշխատանք են տանում հիվանդների հետ, քանի որ հիվանդների համար հեշտ չէ ընտելանալ նոր քթի հետ:
Պլաստիկ վիրաբույժը, անդրադառնալով քթի վիրահատության գներին, նշեց, որ դա կախված է տարվող աշխատանքից և որ հստակ գին ասել չի կարող:


«Գնային մեծ տարբերությունները, որ այսօր կան տարբեր հիվանդանոցներում չի խոսում բարձր կամ ցածր որակի մասին: Բոլոր բժիշկները նույն աշխատանքն են կատարում, պարզապես տարբեր գներով»,-ասաց նա:
Մամուլի ասուլիսին ներկա հոգեբան Մանե Սողոյանը նշեց, որ մարդիկ պլաստիկ վիրաբուժության դիմում են՝ ինքնագնահատականի բարձրացման համար:


«Շատերը ասում են, որ իրենց կյանքի դժբախտությունները կապված են հենց այս խնդրի հետ: Դա նպաստում է անձի լիարժեք գործունեությանը»,- ասաց նա: