Եթե լավ իմանանք մեր պատմությունը, ապա հպարտանալու իրավունք կունենանք. Ռումինիայում ՀՀ դեսպան

18:47 • 28.05.12

Առաջին հանրապետության տոնին նվիրված հանդիսության ժամանակ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանն ասել է, որ եթե հայերը լավ իմանա հայոց պատմությունը և արժեքները, ապա հպարտանալու իրավունք կունենան։


«Պատմությունն այնպես է արել, որ մեր ժողովրդի առջև դրել է շատ մեծ խնդիրներ, այնպիսիք, որոնց հաղթահարումը յուրաքանչյուրիս կյանքը դարձնում է յուրատեսակ առաքելություն: Իմ կարծիքով, դա և պարտականություն է, և բախտ. դրանով մեր հայկական կյանքի իմաստը խորանում է, մեզ գործելու լրացուցիչ լիցք հաղորդում»,– ռումինահայերին ուղղված իր խոսքում ասել է դեսպան Գասպարյանը։


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը, հայոց պետականության վերականգնման, այդ իրադարձությունների հետ ռումինահայոց առնչությունների, 1991թ. դեկտեմբերի 11-ին Ռումինիայի կողմից Հայաստանի անկախության ճանաչման մասին ելույթներով հանդես են եկել նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև Եպս. Հակոբյանը և Ռումինիայի Հայոց միության նախագահ սենատոր Վարուժան Ոսկանյանը:


Օրվա հիմնական բանախոս, ճանաչված գրող և լրագրող Վարդան Առաքելյանը արխիվային հետազոտությունների հիման վրա մանրամասնորեն ներկայացրել է 1920թ. Ռումինիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Հայաստանի գլխավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ:


Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Սարդարապատի հերոսամարտի ոգեկոչումից հետո Հայոց միության մշակութային կենտրոնում բացվել է ցուցադրություն: Այնուհետև, Հանրապետության տոնին նվիրված համերգ է տեղի ունեցել Բուխարեստի Հանուլ Մանուկ համալիրում:


Տեղեկացնենք, որ այդ նշանավոր իջևանատունը 1809թ. կառուցել է ժամանակին Բալկաններում մեծահարուստ և ազդեցիկ մարդկանցից մեկը` Մանուկբեյ Միրզայանը: