Ավտովթար՝ Սյունիքում. «Ուազ»-ը կողաշրջվել է. 1 զոհ, 2 վիրավոր (լուսանկարներ)

01:13 • 28.05.12

Երեկ՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:


Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.10-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ, 30-ամյա Կարո Գևորգյանը, վարելով «Ուազ» մակնիշի 355 ՏՍ 51 համարանիշի ավտոմեքենան, Կապան-Գեղանուշ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով ու մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել Կապանի թունաքիմիկատների թափոնների ձորում:


Վթարի հետևանքով ուղևորներ, Կապանի բնակիչներ, 25-ամյա Էդգար Պողոսյանը և 37-ամյա Ռոբերտ Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 27-ամյա Տիգրան Հարությունյանը տեղում մահացել է:


Վթարի վայրում աշխատել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արամ Գալստյանի և հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:


Փաստի առթիվ ոստիկանության Կապանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Նարինե Հովհաննիսյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի