«Անծանոթը» սերիալի սյուժեն «Կոմս Մոնտե Քրիստո» միջազգային ձևաչափից է վերցված, որից օգտվել է նաև Թուրքիան. «Շանթ» ՀԸ

19:50 • 28.05.12

«Շանթ» հեռուստաընկերության կողմից նկարահանված «Անծանոթը» հեռուստասերիալը թուրքական նույն սյուժեով նկարահանված և ցուցադրված սերիալի հետ կապ ունի այնքանով, որքանով Ռուսաստանում նկարահանված սերիալի, Լատինամերիկյան երկրների, և մի շարք այլ երկրների նույն սցենարական զարգացումով սերիալների հետ: Tert.am-ի հետ զրուցում մեկնաբանելով այսօր որոշ կայքերում տեղ գտած հրապարակումները, թե «Շանթ»-ի նոր՝ «Անծանոթը» հեռուստասերիալի երեկվա պրեմիերան թուրքական սերիալի կրկնօրինակն է՝ ասաց «Շանթ» ՀԸ PR մենեջեր Լիանա Մարտիրոսյանը:


««Շանթ» ՀԸ-ն արդեն մի քանի տարի է միջազգային նախագծեր է բերում Հայաստան՝ միջազգային փորձը, որակը և միջազգային չափանիշները մեդիաոլորտում ներդնելու համար: Բոլորին հայտնի են երաժշտական նախագծերը՝ «Հայ Սուպերսթար», «My name is...», «X factor», հայտնի են նաև պարային նախագծերը՝ «Պարի՛ր թե կարող ես», «Պարահանդես»: Սրանք միջազգային նախագծեր են, որոնք նկարահանվում են և էկրանավորվում տարբեր երկրներում: Նույնը արվում է նաև սերիալների ոլորտում»,- ասաց նա և ավելացրեց, որ կա Կոմս Մոնտե Քրիստո միջազգային ձևաչափ, որից էլ օգտվել են՝ «Անծանոթը» սերիալը նկարահանելու համար:
«Կոմս Մոնտե Քրիստո ձևաչափով նույն սերիալը սցենարական նույն զարգացումներով նկարահանվել է մի շարք երկրներում, այդ թվում նաև Թուրքիայում, բայց դա չի նշանակում, որ այն թուրքական հեռուստասերիալ է»,- ասաց նա:


Լիանա Մարտիրոսյանը օրինակ է բերում, որ «Շանթը» ցուցադրեց «X factor» նախագիծը, որից հետո արդեն Ռուսաստանում նկարահանվեց «Factor A»-ն: Նա հարց է տալիս, թե նույն տրամաբանությամբ կարելի է համարել, որ հայկական «X factor»-ի կրկնությունն է դա: «Իհարկե սխալ կլինի, որովհետև դա միջազգային նախագիծ է և ունի իր հեղինակը, որը նկարահանման իրավունքները վաճառում է տարբեր երկրների հեռուստաընկերությունների»,-պարզաբանեց նա:


Հեռուստաընկերության ներկայացուցիչը մեկ այլ օրինակ է բերում, նշելով, որ Հայաստանում նկարահանված բոլորին հայտնի «Որոգայթ» հեռուստասերիալը «Central Partnership» ընկերությունը գնել է իրենցից և Կրասնոդարում հիմա սերիալի նկարահանումներն են ընթանում: «Դա ամբողջ աշխարհում ընդունված աշխատելաոճ է, և հիմնականում արվում է լուրջ ռեյտինգ ունեցող, լուրջ սցենար ունեցող նախագծերի կամ հեռուստասերիալների դեպքում: Վաղը, հնարավոր է, մեկ այլ երկրի որեւէ հեռուստաընկերություն ցանկանա գնել «Որոգայթը» և էկրանավորել: Դա չի նշանակի, թե իրենց հեռուստասերիալը Ռուսականի կրկնօրինակն է»,- ասաց նա:


Լիանա Մարտիրոսյանը կասկածում է, որ հարցը բարձրացնողները իմանալով թուրքական սերիալի մասին, այս ամենից անտեղյակ են: «Սա գուցե շահախնդիր ձեռքի աշխատանք է»,- եզրափակեց նա: