Սիրիական ընդդիմությանը պետք է զենք մատակարարել. Ռոմնի

18:37 • 28.05.12

Աշնանը կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում դեմոկրատ Բարաք Օբամայի հանրապետական մրցակից Միթ Ռոմնին չի աջակցում սիրիական խնդրի կարգավորմանն ուղղված Քոֆի Անանի ծրագրին, հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները:


«Անանի ծրագիրը, որին աջակցում է նախագահ Օբաման, Ասադի ռեժիմին (Սիրիայի նախագահ) միայն լրացուցիչ ժամանակ տվեց ռազմական գործողություններ անցկացնելու համար»,- ասել է Ռոմնին:

 

Նրա խոսքով` ԱՄՆ-ը պետք է իր գործընկերների հետ աշխատի այն ուղղությամբ, որ աջակցի ու զենք մատակարարի սիրիական ընդդիմությանը:

 

«Այդ ժամանակ ընդդիմադիրները կկարողանան պաշտպանել իրենց»,- ասել է նա:


Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական խմբի ղեկավար Ռոբերտ Մուդի խոսքով` Հուլա քաղաքում ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 116-ի, մոտ 300-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Եվրամիությունը քննադատել է կառավարական ուժերի գործողությունները: Սակայն իշխանությունները նշում են, որ դա «ահաբեկչական խմբավորումների ձեռքի գործն է»:


Ապրիլից Սիրիայում, Անանի ծրագրի համաձայն, հրադադար է հաստատվել, որի կատարման ընթացքին պետք է հետևեն ՄԱԿ-ի դիտորդները: Սակայն ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը» այսօր հրաժարվել է հետևել ծրագրին, մինչև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չապահովի խաղաղ բնակիչների անվտանգությունը: