Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղին արձանագրությունները վավերացնելն է. ԱԳՆ խոսնակ

16:13 • 28.05.12

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությունը, թե ինքը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ամբողջությամբ մահացած չի համարում, ասաց, որ կարգավորման ուղին հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելն ու իրագործելն է:


Հարցին, թե արդյո՞ք Տիգրան Բալայանի պատասխանը չի ենթադրում ապագային միտված գործողություններ, մինչդեռ Գյուլի հայտարարության մեջ խոսքն ընթացքի մասին է, ԱԳՆ խոսնակը նկատեց, թե «տարբեր բաների մասին ենք խոսում», և կրկնեց վերն ասվածը:


Հիշեցնենք, որ, ըստ թուրքական haber7 կայքի, ԱՄՆ-ից Թուրքիա վերադարձի ճանապարհին Աբդուլլահ Գյուլն ասել էր. «Մենք լայնածավալ աշխատանքներ ենք կատարում և որոշ պետական և քաղաքացիական կազմակերպությունների հանձնարարություններ ենք տվել»:


«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ, ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ի պատասխան Tert.am-ի այն հարցի, թե Գյուլի հայտարարությունը խոսո՞ւմ է արդյոք նոր շփումների, նոր նախաձեռնությունների մասին, նկատեց, թե առաջին հերթին դրան պետք է արձագանքի ՀՀ ԱԳՆ-ն՝ հաստատի կամ հերքի՝ «այն իմաստով, թե լայնածավալ աշխատանքներ կատարվո՞ւմ են, և շփումներ կա՞ն, թե ոչ»:


Սակայն ԱԳՆ խոսնակի Tert.am-ի հարցին տված պատասխանը առաջացրեց Վլադիմիր Կարապետյանի տարակուսանքը.«Մենք բազմից նշել ենք, որ արձանագրությունները խնդրահարույց են և, մասնավորապես, պատմաբանների հանձնաժողովի (ստեղծման մասին դրույթի – Tert.am) առկայությունը չի բխում ՀՀ շահերից, այդ առումով տարակուսանք է առաջացնում այդ մեկնաբանությունը»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը: