1918թ. մենք պատրաստ չէինք անկախության. Վովա Վարդանով

13:41 • 28.05.12

Թեև հայերը 1918թ-ին ձեռք բերեցին անկախություն, սակայն իրականում պատրաստ չէին դրան. այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արցախյան ազատամարտին մասնակցած Հատուկ նշանակության խմբի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը:

 

Վերջինս համոզված է, որ այդ անպատրաստ լինելը պատճառ դարձավ, որպեսզի հայերը 1918թ. ավելի մեծ հաջողությունների չհասան:


«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական բանակը բավական թույլ էր, բայց մենք պատրաստ չէինք օգտագործել անկախության հնարավորությունը: Արդյունքում, ունեցանք հսկայական կորուստներ՝ Հայաստանից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածը, որը Սարդարապատի և Բաշ-Ապարանի մարտերով միայն կարողացանք պահպանել»,- ասաց Վարդանովը:

 

Նրա խոսքով, պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ հայերի համար անկախություն ձեռք բերելը եղել է կարևորագույն խնդիր և այդ ժամանակ հաջողություններն ավելի մեծ են եղել:

 

«Կարին» երգի, պարի ազգային համույթի գեղարվեստական ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանի կարծիքով՝ ճիշտ կլինի մայիսի 28-ը կոչել անկախության օր և ոչ թե Առաջին հանրապետության օր: Մինչդեռ մյուս բանախոսի՝ Վարդանովի համոզմամբ, տարբերակում մտցնելն այդքան էլ էական չէ:



«Դրա մեջ լուրջ բան չկա, ավելի լուրջ խնդիրներ կան մեր ազգի առջև, իսկ մենք դրանցով զբաղված չենք»,- նշեց Վովա Վարդանովը:

 

Գագիկ Գինոսյանը, սակայն հավելեց. «Պետք է անկախության օր հռչակել, բայց առանց դրա շուրջ մեծ աժիոտաժ ստեղծելու, ինչպես օրհներգի շուրջ բարձրացվեց. Յուրաքանչյուր ոք, ով քնից ելավ, իրեն իրավունք էր վերապահում փնովել այն»:

 

Գագիկ Գինոսյանի խոսքով, անկախությունը բացարձակ արժեք է, սակայն ինքնանպատակ չէ։ «Այն ձեռք է բերվում միայն ազգի անվտանգությունը և բնականոն զարգացումն ապահովելու համար է»,– ասաց նա: