Երևան–Արմավիր ճանապարհին «Նիսանը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, որն արմատախիլ է եղել (լուսանկարներ, տեսանյութ)

23:06 • 28.05.12

Այսօր՝ մայիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.20-ի սահմաններում Էջմիածնի հիվանդանոցից Ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ ավտովթարից ստացած մարմնական վնասվածքներով իրենց են դիմել Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչ 51-ամյա Սուսաննա Հովհաննիսյանը և Երևանի Հարավ–արևմտյան Բ2 թաղամասի բնակիչ 4-ամյա Արեգ Սողոյանը։
 

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիիվ քննչական խումբը, հատուկ կարևորության գործերով քննիչ Պ. Բոյաջյանի գլխավորությամբ և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի հետ պարզել են, որ այսօր ժամը 17.30-ի սահմաններում Բաբաջանյան փողոցի բնակիչ 57-ամյա Մուրադ Գաբրիելյանը իր անձնական օգտագործման «Նիսան» մակնիշի 06 ԼՏ 202 համարանիշի ավտոմեքենայով Արմավիրից դեպի Էջմիածին ընթանալիս 10-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընդհարվել ճանապարհի միջնամասում գտնվող ծառին։ Վթարի արդյունքում ծառն արմատախիլ է եղել։


Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ աշխատակիցները, ավտոմեքենայի վրայից հանել էին համարանիշները։ Առաջին բուժօգնություն ստանալուց հետո վիրավորները գնացել են տուն։


Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ վթարի արդյունքում վնասվածք ստացածները տատ ու թոռ են։

Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի տուգանային հրապարակ։

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի