Փակ շուկայի պահպանության ակցիան վերածվեց հակաակցիայի. տեղի բնակիչների սիրտը «City» է ուզում (լուսանկարներ, տեսանյութեր)
Ճարտարապետական հուշարձանների ցանկում ընդգրկված Երևանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Փակ շուկայի քանդման աշխատանքներից վրդովված մի խումբ քաղաքացիներ, որոնք արդեն իսկ հավաքվել են «Փրկենք Փակ շուկան» քաղաքացիական նախաձեռնության ներքո, այսօր դուրս էին եկել բողոքի ակցիայի: Իսկ մինչ նրանք փորձում էին պարզել, թե ի՞նչ իրավական հիմքեր կան շուկան քանդելու համար, տեղի բնակիչներն էլ իրենց հերթին դուրս եկան ընդդեմ ակցիայի մասնակիցների:
Բնակիչները վստահեցրեցին, որ ուրախ են, որ Փակ շուկան քանդում են, քանի որ ըստ նրանց՝ վերջապես տարածքը կազատվի աղբավայրից և մյուսների պես իրենք էլ կօգտվեն «բարեկիրթ առևտուր անելու հնարավորությունից»: «90-ականներից հետո այստեղ էլ շուկա չկար։ Ավելի լավ է քանդեն, վերացնեն, տուրիստն էլ գա լավ զգա, բնակիչներն էլ լավ զգան»,- ասաց բնակիչներից մեկը:
«Ժառանգություն» կուսակցության գործող պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ով ակցիայի մասնակիցների շարքերում էր, հետաքրքվեց, թե զբոսաշրջիկները սուպերմարկետ չե՞ն տեսել, որ պետք է գան և դրանից լավ զգան: Հավաքվածները հակադարձեցին. «Զիբիլի մոտ կանգնում է, նկարում ու խայտառակելով մեզ՝ գնում»:
Քանդմանը դեմ քաղաքացիները փորձեցին բնակիչներին բացատրել, որ գուցե ընդամենը պետք է պահանջել իշխանություններից ոչ թե քանդել, այլ վերանորոգել և տարածքը մաքուր պահել: «Տղա ջան տանիքը կաթում էր, փլվում էր ամբողջությամբ, հնարավոր չէր վերանորոգել»,-պնդեցին նրանք և բորբոքված ավելացրեցին. «Լավ էլ հավաքվել եք, բա մինչև հիմա գայիք, տեսնեիք ոնց ենք ապրում. մարդիկ սոված հացին կակա են ասում, դուք եկել եք հուշարձան եք պահպանում»:
«Եթե սուպերմարկետ դառնա արդեն հաց կունենա՞ք»,- հարցրեց Ստյոպա Սաֆարյանը: Բնակիչները միաբերան նշեցին. «Այո, ամեն մեկը կմտնի ու աշխատանք կունենա»: Իսկ շուկայում աշխատելուն նրանք կտրականապես դեմ էին:
Բոլոր դեպքերում, Ստյոպա Սաֆարյանը ակցիայից հետո նշեց, որ գնալու է ոստիկանություն և որպես ՀՀ քաղաքացի երեկ երեկոյան կատարված, իր խոսքով, հանցագործության մասին հաղորդագրություն կտա: «Նաև այն փաստը, որ մինչև այս պահը շենքի տարածքում փակցված չէ շուկայի կառուցապատմանը վերաբերող որևէ ցուցանակ, որը հանրությանը հնարավորություն կտա հասկանալու, թե ինչ տեսք է ունենալու այս շենքը նման միջամտություններից հետո: Սա վկայում է, որ թույլտվություններ չկան»,- ասաց նա:
Սաֆարյանը հիշեցրեց, որ, երբ իրենք հարցը ԱԺ-ում բարձրացրեցին, Մշակույթի նախարարությունը հայտարարեց, որ աշխատանքները դադարեցվել են և կառուցապատողի հետ նախարարությունը քննարկելու է հուշարձանի պահպանության համար անհրաժեշտ նորմերը, որոց հետո արդեն կշարունակվեն աշխատանքները: «Ակնհայտ է, որ հայտարությունները եղել են սուտ, կեղծիք, որևէ պայման չի կատարվել»,-ասաց նա:
Ստյոպա Սաֆարյանը տեղյակ էր, որ շուկայի տերը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է. «Կամ նրա կինը, ինչպես ինքն է հավատացնում»:
Նա եզրակացնում է. «Այս վանդալիզմը տեղի է ունենում ընտրություններից հետո, երբ այլևս պոպուլիզմ խաղալու կարիքը չկա, կատարվում է այն ժամանակ, երբ կառավարությունը լուծարման փուլում է, այսինքն՝ անտերություն է և որևէ գերատեսչություն չի կատարում իր պարտականությունները»:









