Լիբիայի աշխարհազորայինները Կադաֆիի որդուն չեն հանձնում երկրի իշխանություններին և մեծ փրկագին են պահանջում
Լիբիայի աշխարհազորայինները, որոնց գերության տակ է երկրի նախկին առաջնորդ, գնդապետ Մուամար Կադաֆիի ավագ որդին ` Սեյֆ ալ-Իսլամը, Լիբիայի իշխանություններից պահանջում են իրենց հանձնել գումարը, որը խոստացվել էր նրան բռնելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
39-ամյա գերին ներկայում Զինդան քաղաքի բանտում է: Քաղաքի աշխարհազորայինները հրաժարվում են նրան հանձնել Ազգային անցումային խորհրդին, քանի դեռ իրենց չի վճարվել մոտ 1,36 մլն ԱՄՆ դոլար գումարը:
Միևնույն ժամանակ Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ) Լիբիայի ներկայացուցիչ Ահմեդ ալ-Ջեխանին նման պահանջը լիովին հիմնավոր է համարում: «Դա հեղափոխականների վարձն է, վերջին ամիսներին իրենց կատարած աշխատանքի դիմաց», - հայտարարել է նա:
Հաագայի Միջազգային քրեական դատարանը պահանջում է Կադաֆիի որդուն ՄՔԴ-ին հանձնել, իսկ Լիբիայի իշխանությունները ցանկանում են Սեյֆ ալ-Իսլամին հայրենիքում դատել:
Հայրենիքում, նրան մեղադրական դատավճիռ հնչեցնելու պարագայում կարող է մահապատիժ կիրառվել, իսկ ՄՔԴ-ն միայն կարող է ազատազրկել:









