Ռուսաստանի Արմավիր քաղաքում Զորավար Անդրանիկին ու Նժդեհին նվիրված հուշատախտակ է բացվել (լուսանկարներ)
Սոչի քաղաքում հայ ազգային- ազատագրական շարժման հերոս Անդրանիկ Օզանյանի արձանի ապամոնտաժումից մեկ տարի անց ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում մայիսի 28-ին բացվել է շարժման միանգամից 2 հերոսների` Զորավար Անդրանիկին ու Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակ: Այն նվիրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության տարեդարձին (մայիսի 28-ին):
Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, նախաձեռնությունը Ռուսաստանի հայերի միության Արմավիրի մասնաճյուղի երիտասարդական կոմիտեինն է, որը ոչ միայն նախաձեռնել է, այլև սեփական ուժերով ու միջոցներով այն կյանքի կոչել:
Հուշատախտակը կանգնեցվել է Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում: Բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի հայերի միության տեղական մասնաճյուղի ղեկավարները` Սերգեյ Ղարիբջայանի գլխավորությամբ, հայ հոգևորականներ, Կրասնոդարի երկրամասի Հայկական համակարգման խորհրդի ներկայացուցիչներ:
Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության օրհներգերից հետո, հնչել են պաշտոնատար անձանց ու հյուրերի ելույթները: Նրանք կարևորել են հայկական պետականության վերականգնման գործում Սարդարապատում, Բաշ-Ապարանում ու Ղարաքիլիսայում թուրքական բանակի նկատմամբ տարած հերոսական հաղթանակները:









