ԵԽԽՎ դիտորդներն իրենց որդեգրած չափանիշներին հետամուտ չեն. Արտակ Դավթյան

18:47 • 29.05.12

Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանն ափսոսանք է հայտնում Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդների՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած նիստին ներկայացրած կոշտ գնահատականի համար։
«Ափսոսանք եմ հայտնում նմանատիպ գնահատականների համար, որովհետև նրանք իրենց որդեգրած չափանիշներին՝ ժողովրդավարություն, ընդհանուր արդարություն, հենց իրենք հետամուտ չեն լինում և իրականում երկակի ստանդատներ են օգտագործում»,- Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց պատգամավորը:


Հիշեցնենք, որ ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը քննարկելով Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը, որի «Եզրակացություններ» բաժնում դիտորդական առաքելությունը նախ Հայաստանի իրավասու մարմիններին կոչ էր արել ձեռնարկել հնարավոր բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հանրության վստահությունը ընտրությունների նկատմամբ ձևավորելու համար։


«Իրոք, մինչև ընտրությունները պատվիրակության կողմից դիտարկված հիմնական խնդիրներից մեկը եղել է ընդհանուր առմամբ հավատի պակասը ընտրական գործընթացի նկատմամբ՝ քաղաքական շահագրգիռ կողմերի և հասարակության կողմից: Վիճահարույց խնդիրներից մեկը, որը նպաստեց այդ պակասին՝ ընտրական ցուցակների անճշտություններն էին, որոնք առիթ տվեցին շահարկումների արտերկրում բնակվողների, բայց դեռևս ցուցակներում ընդգրկվածների ձայների օգտագործման վերաբերյալ»,– նշել էին ԵԽԽՎ դիտորդները:


Արտակ Դավթյանը ենթադրում է, որ այդ գնահատականները, միգուցե պայմանավորված են նրանով, որ նույն եվրոպական դիտորդներին ձեռնտու չէ գրանցել օրինակելի ընտրություններ:


«Միգուցե դա նաև պայմանավորված է նրանով, որ իրականում մեր անցկացրած ընտրությունները ոչ միայն տարածաշրջանի, այլ հենց իրենց՝ եվրոպական երկրների առումով օրինակելի ընտրություններ են: Բոլոր հարցերում, մենք տեսնում ենք, երևույթը նաև խորհրդային ժամանակներում էր առկա, երբ կարծես ամբողջ աշխարհը որդեգրել էր, որ անպայման մեզ հավասարեցնեն հարևան երկրի հետ, որն ուղղակի անթույլատրելի է, առավել ևս՝ վերջին անցկացրած համապետական ընտրություններից հետո»,- նկատեց ՀՀԿ-ականը:
Արտակ Դավթյանը հստակեցրեց, որ մի դեպքում եվրոպական դիտորդները հայտարարում են, որ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները պարտադիր պետք է իրավունք ունենան մասնակցելու ընտրություններին, և մեկ այլ դեպքում խոսում են ընտրական ցուցակների ինչ-ինչ թերություների մասին:


«Ինքս ինչքան էլ փորձում եմ հասկանալ, անհասկանալի է նրանց այդ դատողությունները։ Նրանք գոնե պետք է մատնանշեն կոնկրետ տեղամասեր ու կոնկրետ խախտումներ, եթե այդպիսիք չկան, ապա ընդհանրական դատողություններ՝ ով ասես կարող է անել»,- նշեց նա:


ԵԽԽՎ դիտորդները նաև նշել էին, որ «ընտրական ցուցակների ճշգրտությունը նախադրյալ է ճիշտ ընտրությունների համար, ինչպես նաև որևէ ճնշման բացակայությունը ընտրողների վրա՝ ինչպես ընտրարշավի, այնպես էլ քվեարկության օրը: Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները ձախողեցին ապահովել այս նախադրյալները»։