Մոսկվայում դանակահարված հայ լրագրողը պատմել է կատարվածի մասին (տեսանյութ)
Ռուսական «Էխո Մոսկվի» և «Մայակ» ռադիոկայանների հաղորդավար Սերգեյ Ասլանյանը, ով այս կեսգիշեր դանակի մի քանի հարված էր ստացել անհայտ անձի կողմից, հարցաքննության է ենթարկվել: Life News-ի հաղորդմամբ` Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոց տեղափոխված լրագրողը քննիչներին պատմել է, որ մինչ հարձակումը, հանցագործը բղավել է. «Դու Ալլահի թշնամին ես»:
46-ամյա Ասլանյանը կարծիք է հայտնել, որ հարձակման պատճառը մայիսի 14-ի իր ռադիոեթերն է եղել, որի ժամանակ նա «անզգույշ արտահայտություն» է արել Մուհամեդ մարգարեի հասցեին:
Նրա խոսքով` հանցագործը մենակ է եղել:
«Մոտ 23.15-ին զանգահարեցին իմ տան հեռախոսահամարին: Ես դուրս եկա տնից և աստիճանների մոտ տեսա մի տղամարդու: Արտաքնապես նա նման էր թաթարի: Երբ ես մոտեցա նրան, նա դանակով հարձակվեց ինձ վրա` բղավելով. «Դու Ալլահի թշնամին ես»»,- պատմել է լրագրողը` հավելելով, որ նա փորձել է կանգնեցնել մոլագարին, սակայն նա շարունակել է դանակով հարվածներ հասցնել իրեն, այնուհետ դիմել փախուստի:
«Ես գիտակից վիճակում էի, և անձամբ եմ շտապ օգնություն կանչել»,- ասել է նա:
Լրագրողը վստահ է, որ նրանից վրեժխնդիր են լինում հենց ռադիոեթերում «անզգույշ արտահայտության» համար, որը մի շարք մարդիկ վիրավորական են համարել:
«Սա կշարունակվի, քանի ես ողջ եմ: Ես շատ եմ անհանգստանում իմ հարազատների համար, քանի որ մարդասպանը զանգահարել է ոչ թե իմ բջջայինին, այլ տան հեռախոսահամարին»,- ասել է նա:
Ասլանյանի կինն ու հարազատները գտնում են, որ նա «անզգույշ արտահայտությունց» հետո պետք է անմիջապես ներողություն խնդրեր:
Ոստիկանությունն արդեն ունի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկի տեսագրությունը:









