Մոսկվայում հայազգի լրագրող է դանակահարվել

09:37 • 29.05.12

Մոսկվայում կեսգիշերին մոտ անհայտ անձը դանակով հարձակում է գործել հայտնի լրագրող Սերգեյ Ասլանյանի վրա: Լրագրողը ստացել է ավելի քան 20 դանակի հարված և ուղեղի ցնցում: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմիններին, տուժածը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:


Ըստ ոստիկանների` անհայտ անձը զանգահարել է Ասլանյանին և խնդրել նրան դուրս գալ բակ` զրուցելու, սակայն բակում նա ոչ ոքի չի հայտնաբերել: Իսկ վերադառնալիս` տան մուտքի մոտ, անհայտ անձը նրան հասցրել է դանակի մի քանի հարված:


Քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը: Ոստիկանությունն արդեն ունի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկի տեսագրությունը:

 

Սերգեյ Ասլանյանը «Մայակ» և «Էխո Մոսկվի» ռադիոկայանների հաղորդավար է, աշխատել է մի քանի լրատվամիջոցներում, այդ թվում` հեռուստատեսությունում:

 

Ինչպես հաղորդում է Life News-ը, վարկածի համաձայն` լրագրողի վրա հարձակումը կապված է վերջերս նրա հետ տեղի ունեցած սկանդալի հետ: Ասլանյանը մայիսի 14-ին, «Մայակ»-ի ուղիղ եթերում Մուհամեդ մարգարեի մասին էր խոսել, ում ելույթը, սակայն, ունկնդիրներից շատերը համարել էին վիրավորական:

Ասլանյանի մտերիմներն ու հարազատները վախենում են իրենց կյանքի համար: Ներկայում լրագրողի հիվանդասենյակը հսկվում է ոստիկանների կողմից: