Հրապարակում փուչիկների պայթյունից տուժած 11 մարդ դեռ հիվանդանոցում է. Շուշան Հունանյան

16:47 • 29.05.12

Մայիս 4-ին Հանրապետության հրապարակում Հայաստանի հանրապետական կուսակցության հանրահավաք-համերգի ժամանակ գազալցված փուչիկների պայթյունի հետևանքով տուժածներից 11-ը դեռ գտնվում են Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնում, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:


«Այս պահի դրությամբ 11 մարդ գտնվում է ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնում: Բոլորի վիճակը լավ է, վերակենդանացման բաժանմունքում հիվանդներ վաղուց չկան»,- ասաց նա:


Շուշան Հունանյանի խոսքով, վիրահատվածներից 9-ի ապաքինումը ևս նորմալ է ընթանում:


Հիշեցնենք, վիրահատություններ կատարելու նպատակով մայիսի սկզբին ՀՀ նախագահի հրավերով Երևան էր ժամանել Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը:


Շուշան Հունանյանը տեղեկացրեց նաև, որ այս պահին բուժման նպատակով տուժածներին արտերկիր տանելու անհրաժեշտություն չկա:


Հիշեցնենք, նաև, որ մայիսի 4-ի միջադեպի պատճառով տուժել էր 154 մարդ: