ՀԱԿ-ի բացակայությունը ՍԴ–ում վկայում է, որ իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում. Հերմինե Նաղդալյան

16:03 • 29.05.12

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամների` Սահմանադրական դատարան չգալը վկայում է այն մասին, որ իրենք` հայցվորներն էլ, չգիտեն, թե ինչ են ուզում, այսօր ՍԴ–ում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Հերմինե Նաղդալյանը:


«ՀԱԿ-ի համար կարևորը դատարանի վճիռը չէ, այլ ուրիշ մի բան են նրանք փնտրում, և դա է պատճառը, որ նրանցից այսօր ոչ ոք չի ներկայացել դատարան»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:


ՀԱԿ կուսակցությունների դաշինքը ՍԴ–ում բողոքարկում է մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և պահանջում անվավեր ճանաչել դրանց։


Հերմինե Նաղդալյանը նշեց, որ գլխավոր դատավորը դա ժողովուրդն է, ով իր վստահության քվեն արդեն տվել է ՀՀԿ-ին, և այլ դատավոր լինել չի կարող:


Հարցին, թե ի՞նչ վճիռ կկայացնի ՍԴ–ն Հերմինե Նաղդալյանն ասաց. «Մի քանի ժամ հետո Սահմանադրական դատարանը կկայացնի վճիռ, ես խորհրդակցել եմ փաստաբանի հետ, ով իրավական տեսանկյունից նշել է, որ ՀԱԿ-ի բողոքը անհիմն է»:
Այս պաhին շարունակվում է դատավարությունը, սակայն դատարանում ՀԱԿ-ը ներկայացված է միայն փաստաբանի տեսքով: