ճանաչողական արշավ՝ նվիրված Հանրապետության տոնին և մայիսյան հերոսամարտերին

12:11 • 29.05.12

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը մայիսի 26-28-ը նախաձեռնել էին արշավ՝ Երևան-Թեղենիս լեռ-Մայմեխսար-Մարմարիկ գետ-Վանաձոր-Երևան երթուղով, որը նվիրված էր Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնին և մայիսյան հերոսամարտերին:

 

Արշավին մասնակցում էին ԵՊԲՀ շուրջ 20 ուսանող, նաև բուհի լեռնագնացների ակումբի անդամներ:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը, անդրադառնալով արշավի երթուղու ընտրությանը, նշել է. «Այն գագաթները, որոնք արշավի ընթացքում հաղթահարեցին ուսանողները, պատահական չէին ընտրված, քանի որ հայ-թուրքական պատերազմի ընթացքում այդ վայրերում լուրջ մարտեր են ընթացել: Ուստի ուսանողները յուրաքանչյուր գագաթում անցկացրին մեկ գիշեր, այնուհետև այցելեցին Վանաձոր և վերադարձան Երևան»։

 

Կարեն Ակոպյանը տեղեկացրեց, որ ԵՊԲՀ լեռնագնացների ակումբն ավանդույթի համաձայն սեպտեմբերի 21-ին էլ է բարձրանում Արագածի գագաթը:

 

Անդրադառնալով արշավի նպատակին՝ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահը նշել է. «Այսպիսի միջոցառումների նպատակն է երիտասարդների շրջանում սեր ներարկել պետական տոների հանդեպ՝ վերարժևորելով պատմական իրադարձությունները, որպեսզի յուրաքանչյուր հայ երիտասարդ գիտակցի, որ հաղթանակներն իրականում դժվարին ուղով են ձեռք բերվել»։

 

Արշավի ընթացքում երիտասարդներին տեղեկություն է տրվել նշված վայրերի մասին, ներկայացվել են բնակավայրերից յուրաքանչյուրի աշխարհագրական առանձնահատկությունները և պատմական հուշարձանները: