Փակ շուկայում կատարվածը հերթական հանցավոր սխեմայի օրինակներից է. ակտիվիստ (լուսանկարներ)

15:31 • 29.05.12

Հանրապետական նշանակություն ունեցող ճարտարապետական հուշարձանների ցանկում ընդգրկված Փակ շուկայի հետ տեղի ունեցածը հերթական հանցավոր սխեմայի օրինակներից է, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կատարված շուկայի շենքի տանիքի մասնակի քանդման դեպքն այսպես գնահատեց «Փրկենք Փակ շուկան» նախաձեռնության անդամ, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը:


«Նման հանցավոր սխեման գործում է ոչ առաջին անգամ, այն է՝ տարածքը վաճառվում է, այնուհետև, հասցնում են հակահիգիենիկ վիճակի, ինչն աղբավայր է հիշեցնում, որից հետո էլ արդեն բնակիչները երանի են տալիս մաքուր տարածքին և համաձայնում են այն տալ մեկին, ով դա կանի՝ կառույցը ծառայեցնելով սեփական նպատակներին»,- ասաց Աբգարյանը:


Նախաձեռնության մեկ այլ անդամ, «Ժառանգություն» կուսակցության գործող պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի պնդմամբ՝ կատարվել է քրեորեն հետապնդելի արարք, որի մասին արդեն տեղեկացրել են Ոստիկանությանը:
Ըստ նրա՝ կան բոլոր հիմքերը, այդ թվում և պատկան մարմինների հայտարարությունները, թե քանդման աշխատանքները կատարվել են առանց համապատասխան մարմինների թույլտվության, որպեսզի սեփականատիրոջը կանչեն պատասխանատվության՝ ընդհուպ մինչև նրա ձեռքից վերցնեն տարածքը:


Ստյոպա Սաֆարյանը, բացի այդ, ներկայացրեց Քաղաքաշինության նախարարության պատասխանն ուղղված իրենց հարցմանը, ուր նախարարությունը նշել էր, թե ծանոթացել են շուկայի քանդման աշխատանքների էսքիզին, ըստ որի, այն պետք է կատարվի առանց արտաքին տեսքը վնասելու:


Իսկ Մշակույթի նախարարությունից հայտնել են, որ, ըստ ներկայացված էսքիզի, միակ միջամտությունը կլինի նկուղային ստորգետնյա տարածքների կառուցումը, ինչը նախարարությունը հնարավոր է համարում:
«Մինչդեռ մենք ականատես եղանք վերգետնյա բարբարոս, վանդալիստաբար քանդման աշխատանքներին»,- տեղեկացրեց Ստյոպա Սաֆարյանը:


Երևանի քաղաքապետի և մյուս պատկան մարմինների հայտարարությունը Ստյոպա Սաֆարյանն առավել քան անհասկանալի է համարում:


«Ի՞նչ է նշանակում՝ քաղաքապետարանին մոտ գտնվող շինությունը քանդում են, իսկ քաղաքապետը հայտարարում է, թե նման թույլատվություն չի եղել: Պարոն քաղաքապետ, դա՛ չի ձեր պարտականությունը՝ միայն ասել կա՞ թույլտվություն, թե՞ չկա»,- նշեց «Ժառանգություն» կուսակցության անդամը՝ ավելացնելով, որ քաղաքապետի լիազորությունները շատ ավելին են:


Բանախոսները, անդրադառնալով երեկ մի քանի բնակիչների արած այն հայտարարություններին, թե իրենք կողմ են շուկայի քանդմանը, նշեցին, որ դա ակնհայտորեն մի փոքրիկ ներկայացում էր:


«Այդ 5-6 մարդն ամեն կերպ փորձելով հայտնվել տեսախցիկների դաշտում, փորձում էին ներկայանալ որպես բնակչության ձայն և շարժմանն ընդդեմ, թե իբրև կողմ են, որ հուշարձանն ավերվի: Տեղեկացնենք, որ իրականում նույն տարածքի բնակիչներն ինքնակամ իջան և հայտարարության տակ ստորագրեցին, հաստատելով, որ մտահոգված են տեղի ունեցածով»,-տեղեկացրեց Ստյոպա Սաֆարյանը և հավելեց, որ քանդմանը կողմ հանդես եկող այդ նույն մարդիկ տեսախցիկներից դուրս խոստովանել են, թե ընդամենը ցանկանում են, որ տարածքը մաքրվի աղբից: