Հայազգի լրագրողուհուն սպառնում են Մեդվեդևի հետ լուսանկարվելու համար
Շաբաթ օրը Մոսկվայում կայացել էր «Եդինայա Ռուսաստան» կուսակցության համագումարը, որին որպես կամավորական մասնակցել էր նաև НоваяГазета-ի թղթակից Դիանա Խաչատրյանը: Երեկ նա հրապարակել է իր տպավորությունները համագումարից, ինչից հետո սպառնալից հեռախոսազանգ է ստացել, հայտում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
Սակայն սկանդալի պատճառը ոչ այնքան Խաչատրյանի նյութն է՝ այն մասին, թե դաշնային ծառայությունը խստորեն ծրագրում ու վերահսկում է պետության առաջին դեմքերի բոլոր քայլերը, այլ նրա հրապարակած լուսանկարը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Բանն այն է, որ վարչապետի հետ լուսանկարվելու համար լրագրողուհին ուղղակի ձայնել էր անցնող Մեդվեդևին, կանգնեցրել նրան և լուսանկարվել հետը, ինչը, ըստ արարողակարգի, անթույլատրելի է:
Դիանան նաև գրել է, որ ինքը լուսանկար տրամադրած չի եղել բեջի համար, սակայն իր լուսանկարը ներբեռնել են սոցկայքից և օգտագործել: Խաչատրյանը մանրամասն գրել է նաև իրենց ներկայացրած դրես-կոդի պահանջների, իրենց հասցեին հնչեցված վիրավորական բառերի մասին և այլն:
Դիանան պատմել է նաև, որ իրեն բանտով է սպառնացել Մեդվեդևի աշխատակազմից մի կին՝ լուսանկարվելուց անմիջապես հետո:
Խաչատրյանին զանգած կինն էլ ասել է, որ նա առնետի պես է իրեն պահել, անվայել և եթե հրապարակված տեքստը չհանի, վատ կլինի, բայց զգուշացրել է, որ, անկախ ամեն ինչից, ինքն արդեն բոլոր հնարավոր սև ցուցակներում է:









