ԱՄՆ-ում գերազանցիկ աշակերտուհուն բանտ են նստեցրել` դասերին չներկայանալու համար

18:37 • 29.05.12

Ամերիկյան Տեխաս նահանգի դատարանը 17-ամյա Դայան Թրենին դատապարտել է 24- ժամյա բանտարկության ու 100 դոլար տուգանքի` դասերին չներկայանալու համար, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով KHOU հեռուստաալիքին:

 

Հեռուստաալիքը մանրամասնում է, որ ուսմանը զուգահեռ, աղջիկը ստիպված է աշխատել երկու աշխատատեղերում. հանգստյան օրերին աշխատում է հարսանյաց արարողությունների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունում, իսկ մնացյալ օրերին` քիմմաքրման կետում: Բացի այդ, նա խնամում է իր ավագ եղբոր ու կրտսեր քրոջ մասին, ով ապրում է իր բարեկամների տանը:

 

Ինքը` Դայանը, ապրում է տնօրեններից մեկի տանը, քանի որ իր ծնողներն ամուսնալուծված են: Նրա մայրը լքել է Տեխասը և բնակվում է Ջորջիա նահանգում, իսկ հայրը տանը գրեթե չի լինում: Դայանը նշել է, որ երբեմն այնքան է հոգնում, որ ուղղակի չի կարողանում առավոտյան արթնանալ ու ներկայանալ դասերին:

Թե քանի օր է նա բացակայել դասերից, չի նշվում, սակայն օրենքի համաձայն` առանց հարգալից պատճառի` չի թույլատրվում բացակայել ավելի քան 10 օր: Չնայած բաց թողնված դասերին, Դայանը գերազանց է սովորում, սակայն դատարանը որոշել է նրա համար բացառություն չանել, որպեսզի դա այլ աշակերտների համար նախադեպ չդառնա: