Իրանը խոստովանել է, որ հատուկջոկատայիններ է ուղարկել Սիրիա
Իրանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին օգնության զորք է ուղարկել, հայտնում է բրիտանական The Guardian-ը` վկայակոչելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպա Իսմայիլ Գաանիին:
ISNA գործակալության հետ զրույցում Գաանին նշել է, որ «եթե Իրանի ներկայությունը չլիներ, Սիրիայում սպանդն առավել մասշտաբային կլիներ»:
«Մինչ իրանցի հատուկջոկատայինների մեկնումը, սիրիական ընդդիմությունը սպանում էր մեծ թվով մարդկանց»,- ասել է նա:
Բրիտանական մեկ այլ պարբերականի` The Times-ի համաձայն` իրանցի հատուկջոկատայինների ներկայության մասին հարցազրույցը ISNA-ի կայքից հանվել է հրապարակումից րոպեներ անց:
Ապրիլից Սիրիայում, ՄԱԿ-ի ու Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի ծրագրի համաձայն, հրադադար է հաստատվել, որի կատարման ընթացքին հետևում են երկրում գտնվող ՄԱԿ-ի դիտորդները: Սակայն օրերս սիրիական Հուլա քաղաքում ռմբակոծությունից հետո, որի հետևանքով զոհվեց 116 մարդ, ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը» հայտարարեց, որ հրաժարվում է հետևել ծրագրին, մինչև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չապահովի խաղաղ բնակիչների անվտանգությունը: Իսկ իշխանությունները նշում են, որ դա «ահաբեկչական խմբավորումների ձեռքի գործն էր»:









