Մշակույթի նախարարությունից պահանջում են ներկայացնել վաճառված բոլոր հուշարձանների ցանկը
«Փրկենք Փակ շուկան» քաղաքացիական նախաձեռնության անդամները ՀՀ մշակույթի նախարարությունից պահանջում են ներկայացնել բոլոր վաճառված հուշարձանների ցանկը, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց բլոգեր Իզաբելլա Աբգարյանը:
«Մենք պահանջում ենք, որպեսզի այսօր ևեթ պատրաստեն և մեզ ներկայացնեն այն հուշարձանների ամբողջական ցուցակը, որոնք վաճառվել են և նշեն, թե ե՞րբ է վաճառվել և ո՞ւմ է վաճառվել այն»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը:
Ըստ բլոգերի՝ այդ հուշարձանների ցանկն ունենալով հանրությունն ի վիճակի կլինի և՛ վերահսկողություն իրականացնել, և՛ տեղեկանալ, թե ինչ վիճակում են գտնվում դրանք:
«Կիմանանք, թե արդյո՞ք հուշարձանները նույն անխնամ վիճակում չեն, ինչպես Փակ շուկան էր և կկարողանանք հետևել դրանց հետագա ճակատագրին: Հուսով ենք, դա մեր իրավունքն է և այդ ցուցակը մեզ կներկայացվի»,- նկատեց Աբգարյանը:
Վերջինիս այս պահանջը պայմանավորված էր նրանով, որ Փակ շուկայի պարագայում նախարարությունը որպես հակափաստարկ է ներկայացրել, թե շուկան գտնվում էր անմխիթար, հակահիգիենիկ վիճակում, իսկ շինությունն աղետալի վիճակում էր:
«Փրկենք Փակ շուկան» ՔՆ-ի անդամը հարց ուղղեց, թե ո՞ր սեփականատիրոջ օրոք է հուշարձանը հասել այդ վիճակի և ինչո՞ւ Մշակույթի նախարարությունն այդ մասին չի բարձրաձայնել:
«Գուցե մենք հանգանակություն կազմակերպեինք, ամրացնեինք շենքը և մաքրման աշխատանքներ իրականացնեինք»,- եզրափակեց Իզաբելլա Աբգարյանը:










