«Նորք Մարաշ» ԲԿ-ի և Ազգային Էթնիկ Կազմակերպությունների Կոալիցիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի ենթակայության «Նորք Մարաշ» ԲԿ-ի և «NECO» (Ազգային Էթնիկ Կազմակերպությունների Կոալիցիա) միջազգային ընկերության միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը: Համաձայն հուշագրի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում կմեկնարկի համատեղ բարեգործական ծրագիր, որի շրջանակում սրտի արատով տառապող երեխաների վիրահատական և անհրաժեշտ բուժման ծախսերը կհոգա «NECO» միջազգային ընկերությունը, իսկ վիրահատությունները կիրականացնեն «Նորք Մարաշ» ԲԿ-ի փորձառու վիրաբույժները: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կարևորելով միջազգային կառույցների հետ համատեղ բարեգործական ծրագրերի իրականացումն ու հատկապես երեխաների առողջության վերականգնման առաջնահերթությունը, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մարդասիրական կարևոր առաքելությանն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար. «Սա իրապես կարևոր և անհրաժեշտ համագործակցություն կարելի է որակել, քանզի բազմաթիվ երեխաներ հնարավորություն կստանան վերականգնել իրենց առողջությունն ու առողջ ապրելակերպը:
Որպես Երևանի քաղաքապետ կարող եմ վստահեցնել, որ մենք միշտ սատարելու ենք նմանատիպ բարեգործական և մարդասիրական նախաձեռնություններին, հատկապես հաշվի առնելով, որ մեր ենթակայության այս հաստատությունը տարածաշրջանում միակ մասնագիտացած բուժհաստատությունն է, որն իր որակական չափանիշներով մեծ համբավ է վայելում ամբողջ աշխարհում: Հատկանշական է, որ «Նորք Մարաշ» ԲԿ-ը գտնվում է նաև Հանրապետության նախագահի մշտական ուշադրության և հոգածության ներքո: Ըստ այդմ, վստահ եմ, մենք ունենք բոլոր հնարավորությունները անհրաժեշտ որակյալ բուժում ապահովել ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև աշխարհի տարբեր երկրների մանուկների համար»,-ընդգծել է Երևանի քաղաքապետը:
Ազգային Էթնիկ Կազմակերպությունների Կոալիցիայի վարչության նախագահ Նասեր Կազեմինն իր հերթին վստահեցրել է, որ իրենց ընտրության հարցում ևս շատ կարևոր դերակատարում է ունեցել հենց բժշկական կենտրոնի համաշխարհային ճանաչումն ու տարածաշրջանում միակը լինելու հանգամանքը: «Բոլոր նախադրյալները կան, որ մեր համագործակցությունը լինի երկարատև:
Ունենալով ժամանակակից սարքավորումներ և բարձր որակավորմամբ մասնագետներ, վստահ եմ, «Նորք Մարաշ» ԲԿ-ը երեխաներին կմատուցի իսկապես բարձրակարգ բուժօգնություն և, որ ոչ պակաս կարևոր է, կապահովի մեր հիմնական նպատակի իրականացմանը. այն է, բարձրակարգ բուժօգնություն ապահովել դրա կարիքն ունեցող տարածաշրջանի բոլոր երկրների երեխաների համար», - ընդգծել է Նասեր Կազեմինը:









