Թուրքմենստանում բազմակուսակցություն են ստեղծում
Այս տարեսկզբին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հերթական անգամ բարձրաձայնեց երկրում բազմակուսակցություն ստեղծելու անհարժեշտության մասին: Արդեն փետրվարին ընդունվեց «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը, գրում է «Թուրքմենստանի քրոնիկոն» թերթը:
Ըստ հրատարակության` քաղաքական կուսակցություն ստեղծելու առաջին քայլը կատարել է երկրի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միությունը, որի պաշտոնաթերթում` «Ռիսգալ»-ում, հրապարակվում են կուսակցությանն անդամագրվելու ձեռնարկատերերին ուղղված կոչեր:
Նման կոչ-հայտարարությունն առաջին անգամ թերթի էջերին հայտնվել է մայիսի 7-ին, ինչից հետո այն հայտնվում է պարբերաբար: Հայտարարությունն ունի հետևյալ բովանդակությունը. «Թուրքմենստանի «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիման վրա, երկրի ձեռնարկատերերի կողմից ստեղծված կազմկոմիտեն Թուրքմենստանի գործարարների կուսակցություն ստեղծելու մասին որոշում է ընդունել: Հայտնում ենք, որ ընդունում ենք կուսակցությանն անդամագրվելու հայտեր»:
«Մենք կանխատեսում էինք, որ կուսակցության ստեղծմամբ կզբաղվի Թուրքմենստանի նախագահի մտերիմ ընկեր, միության նախագահ Ալեքսանդր Դադաևը: Իրականում հենց այսպես էլ եղավ»,- թերթը մեջբերել է միության անդամներին:
Ենթադրվում է, որ կստեղծվի նաև Թուրքմենստանի ագրարային կուսակցություն:
«Կարո՞ղ են արդյոք այս կուսակցությունները որևէ ազդեցություն ունենալ երկրի իշխանությունների կողմից տարվող քաղաքականության վրա, ցույց կտա ժամանակը»,- գրում է թերթը:









