ՀՀ նախագահն ու բարոնուհի Քոքսը խոսել են նաև ԼՂ հիմնախնդրից
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և ի թիվս այլ հարցերի խոսել են նաև Լեռնային Ղարաբաղ հակամարտությունից։
ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է բարոնուհուն և բարձր գնահատել տարիներ ի վեր Հայաստանին և Արցախին նրա ցուցաբերած աջակցությունը, ծավալած մարդասիրական գործունեությունն ու հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ջանքերը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր ժողովուրդը հատուկ վերաբերմունք ունի իր բարեկամների նկատմամբ և մշտապես երախտագիտությամբ է հիշում ու գնահատում նրանց:
Նախագահը վստահություն է հայտնել, որ բարոնուհի Քերոլայն Քոքսի անունը պատմության մեջ լինելու է այն մարդկանց անունների առաջին շարքում, ում հիշատակելու են որպես մեր ժողովրդի մեծագույն բարեկամի:
Նախագահ Սերժ Սարգսյանը և բարոնուհի Քոքսը խոսել են նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների, երկրի զարգացման առաջնահերթությունների, Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին, կարևորել միջազգային հանրությանը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ անաչառ և լիարժեք տեղեկատվության տրամադրման ուղղությամբ հետևողական աշխատանքը:









