ՀԱԿ-ի՝ ՍԴ–ին ներկայացրած դիմումը հիմնված է ոչ թե փաստերի, այլ եզրակացությունների վրա. ԿԸՀ-ն ներկայացրեց հակափաստարկներ

12:24 • 29.05.12

Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգի արդյունքները չեղյալ հայտարարելու «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումի քննության դատական նիստը այսօր վերսկսեց պատասխանող կողմի ելութով:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, որի ելույթը տևեց մեկուկես ժամ, դատարանին մանրամասն ներկայացրեց հակափաստարկներ՝ նշելով, որ ՀԱԿ-ի դիմումը հիմնված է ոչ թե փաստերի վրա, այլ եզրակացությունների:

 

Ըստ նրա, հանրապետության 1982 ընտրատեղամասերից 73%-ում ՀԱԿ-ն ունեցել է վստահված անձինք, մինչդեռ նրանք ստացել են ընդհանուր վերահաշվարկի 12 դիմում, որից 4–ը՝ ՀԱԿ ներկայացուցիչների կողմից: Նա պնդեց, որ եթե ՀԱԿ-ը համոզված էր, որ կեղծվել են ընտրությունների արդյունքները, ապա ուներ բոլոր հնարավորությունները՝ դրանք արձանագրելու և դիմելու, ինչը չի արվել:



Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ի այն պնդմանը, թե ՀՀ նախագահը պաշտոնական այցին զուգահեռ մասնակցել է նաև քարոզչությանը, որն ըստ հայցվոր կողմի, հակասահմանադրական է, ապա Մուկուչյանը նշեց, որ Սահմանդրության մեջ նման արգելող նորմ չկա: Բայցի այդ, ըստ նրա, ԿԸՀ-ն նման հայցով ծանրակշիռ փաստեր չի ստացել ՀԱԿ-ի կողմից:



20 րոպե ընդմիջումից հետո դատարանը շարունակեց լսել պատասխանող կողմին:

 

Հիշեցնենք, որ նախորդ նիստին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը միջնորդել էր դատարանին` կարճել հայցը` անհիմն լինելու պատճառաբանությամբ, սակայն ՍԴ-ն մերժել էր Մուկուչյանի միջնորդությունը և որոշել՝ դիմումը քննել բանավոր կարգով: