ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ վտարում են սիրիացի դիվանագետներին

18:30 • 29.05.12

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունից` Պետդեպից հայտնել են, որ երկրից վտարվելու է Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին, ըստ որի, օրերս Սիրիայի Հուլա քաղաքում տեղի ունեցած զանգվածային սպանությունների` Վաշինգտոնի պատասխանն է:

Ավելի վաղ, մի շարք եվրոպական երկրներ, հաշվի առնելով Սիրայում ներքաղաքական ճգնաժամի խորացումն ու կառավարական զորքերի կողմից քաղաքացիների և ընդդիմադիրների նկատմամբ շարունակվող բռնությունները` մասնավորապես Հուլայում տեղի ունեցած սպանդը, վտարել են իրենց երկրներում գտնվող սիրիացի դիվանագետներին, հաղորդում է Reuters-ը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել էր, որ Սիրիայի դեսպանը կլքի Ֆրանսիան այսօր կամ վաղը: Սիրիայի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանություններ տալուց:

Գերմանիայի արտգործնախարությունը ևս պաշտոնապես հայտարարել է երկրից Սիրիայի դեսպանի վտարման մասին: Բեռլինին հետևել է Լոնդոնը, որտեղից 48 ժամվա ընթացքում պետք է հեռանա 3 սիրիացի դիվանագետ: Իտալիան ևս հայտարարել է Սիրիայի դիվանագիտական ներկայացուցչի վտարման մասին:

Այս երկրներին հաջորդել է Կանադան, որի արտգործնախարար Ջոն Բեիրդը հայտարարել է 3 սիրիացի դիվանագետների վտարման մասին: Իսպանիան ևս միացել է վերոհիշյալ երկրներին և հայտարարել Մադիրդում Սիրիայի դեսպանի և 4 այլ դիվանագետների վտարման մասին: Երկրի կառավարությունը նրանց 72 ժամ է տրամադրել Իսպանիայի տարածքը լքելու համար:

 

Մադրիդին հետո սիրիացի դիվանագետների արտաքսման մասին հայտարարեցին Նիդերլանդները, որտեղ Սիրիայի դեսպանին «պերսոնա նոն-գրատա» են հայտարարել:


Հայտարարություների այս ալիքին նախորդել էր Ավստրալիայի արտգործնախարար Բոբ Քարի` սիրիացի 2 բարձրաստիճան դիվանագետների վտարման վերաբերյալ հայտարարությունը: Քարը դատապարտել էր օրեր առաջ Հուլա քաղաքաում տեղի ունցած սպանդը, որի ընթացքում 100-ից ավելի մարդ էր զոհվել` մեծ մասամբ կանայք և երեխաներ: