Տիգրան Խզմալյանը չի բացառում, որ Փակ շուկայի շենքի հարցը ևս լուծի նախագահը

18:21 • 29.05.12

Այն հարյուրավոր ոստիկանները, ովքեր կրծքով պաշտպանում էին Մաշտոցի պուրակի կրպակները, որոնք հիմա այլևս չկան, թող գան և պաշտպանեն ճարտարապետական կոթող և արժեք համարվող, պետության կողմից պաշտոնապես պաշտպանվող Փակ շուկայի շենքը, Tert.am-ի հետ զրույցում նման կոչ արեց «Սարդարապատ» շարժման անդամ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:


Նա նշեց, որ թեև «Սարդարապատ» շարժումը դեռևս Փակ շուկայի շենքի քանդման հետ կապված հայտարարություն չի տարածել, բայց միանում է քաղաքացիական հասարակության շահի ոտնահարման դեմ ցանկացած պայքարի։
«Մեր ընկերներն այնտեղ են և, եթե այս խայտառակությունը շարունակվի, մենք կավելացնենք մեր ներկայությունը և կլինի այն, ինչ որոշ ժամանակ առաջ եղավ Մաշտոցի պուրակում»,- ասաց կինոռեժիսորը:


Հարցին, թե ի՞նչ նկատի ունի ասելով՝ կլինի, այն ինչ եղավ Մաշտոցի պուրակի դեպքում և, արդյո՞ք, Խզմալյանը կարծում է, թե հարցը կլուծվի միայն նախագահի միջամտության դեպքում, կինոռեժիսորը պատասխանեց. «Եթե նախագահի պաշտոն զբաղեցնողներին դուր է գալիս քաղմասի ցանկացած ոստիկանի առաքելություն կատարելը, ուրեմն թող գա ու հաստատի այն, ինչը մի քանի օր առաջ ասել էր քաղաքապետը, որ դա համաձայնեցված չէ, հետևաբար, անօրինական է»:


«Եթե ամեն մի անօրինականության համար նախագահը պետք է գա, դա բավական ծիծաղելի է, բայց դա ես չեմ բացառում»,-ասաց նա և ավելացրեց, որ քաղաքացիները անելու են այն, ինչ արել են Մաշտոցի պուրակում, այն ինչ անելու են Ջերմուկում, Ամուլ սարում, Թեղուտում, և այն, ինչ անելու են ամբողջ Հայաստանում:


Տիգրան Խզմալյանը նաև նշեց, որ Մաշտոցի պուրակի կրպակներ և Փակ շուկայի շենքի քանդման հարցերը միմյանց շաղկապված են:


«Շաղկապված է այն, ինչ կատարվեց Հյուսիսային պողոտայում, Բուզանդի փողոցում, նաև այն, որ լսում ենք, թե կառավարությանը պատկանող շենքերը պատրաստվում են վաճառել՝ հյուրանոց դարձնելու նպատակով: Այս ամենը կոչվում է հանրային շահի, սեփականության ոտնահարում: Այս ամենը անօրինական է, որովհետև այն ինչ պատկանում է հանրությանը , պետք է մնա հանրությանը»,-ասաց կինոռեժիսորն։


Տիգրան Խզմալյանը նաև նշեց, որ եթե պետությունը, կառավարությունը, Ոստիկանությունը չեն կատարում իրենց գործառույթները, ապա ժողովուրդը ստիպված է իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը:


«Մի անգամ դա արեցինք, դա կանենք նորից: Անօրինականությունները շատ են, և ժողովուրդը մեկը մեկի հետևից իր վրա է վերցնում իշխանության ֆունկցիաները»,-եզրափակեց իր խոսքը Տիգրան Խզմալյանը: