Ամերիկացի դեսանտայինները Հյուսիսային Կորեա են գործուղվել
Երեկ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում անցկացված խարհրդաժողովի ժամանակ հատուկ նշանակության զորքերի հրամանատար Նիլ Թոլլին հայտարարել է, որ իրենք Հյուսիսային Կորեայի ստորգետնյա ռազմական նշանակության կառույցների մասին տեղեկություններ հայթայթելու նպատակով ամերիկացի և հարավկորեացի դեսանտայիններ են ուղարկվել ԿԺԴՀ, տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը։
«Ստորգետնյա բոլոր ենթակառուցվածքները անտեսանելի են մեր արբանյակների համար»,- ասել է Թոլլին, հավելելով, որ հետախուզությանը հաջողվել է հայտնաբերել նվազագույնը 4 ստորգետնյա թունել երկու կորեաներն իրարից բաժանող ապառազմականացված գոտու տակ, ինչպես նաև ստորգետնյա տարածքներով 20 օդանավակայան։
Բարձրաստիճան զինվորականը հայտնել է, որ դեսանտայինները գործուղման են ուղարկվել սարքավորումների ու սպառազինության նվազագույն պաշարով` հայտնաբերումից խուսափելու և գործողությունն արագ իրականացնելու համար:
Ամերիկացի զինվորականը նշել է նաև, որ այնուամենայնիվ, հայտնի չէ, թե քանի այդպիսի թունել ու ստորգետնյա այլ կառույցներ կան ԿԺԴՀ-ում։
Հիշեցնենք, որ ԿԺԴՀ-ն 2006 և 2009թթ. երկու անգամ միջուկային զենքի ստորգետնյա փորձարկում էր իրականացրել։ Այս տարի հյուսիսկորեական «Ռանհապ» գործակալությունը լուր էր տարածել, համաձայն որի՝ ենթադրվում է, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները Համգեն Պուկտո նահանգում նախապատրաստվում են երրորդ փորձարկմանը։









