Կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստը
ՀՀ կառավարության ընդունելությունների տանն այսօր կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստը։
Նիստին ներկա էին ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ գործող նախագահ Սամվել Նիկոյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան անձինք և հյուրեր:
Մինչ նիստի աշխատանքներն սկսելը Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին 2-րդը հնչեցրեց տերունական աղոթք:
Նիստը սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով, ով շնորհավորեց ներկաներին՝ հիմնադրամի 20-րդ տարեդարձի առթիվ:
«Մենք միասին մեծ ճանապարհ ենք անցել, անհնար է թվարկել բոլոր իրականացված ծրագրերը: Դրանք այնքան շատ են ու բազմաբնույթ, որ առանց հիմնադրամի այլևս անհնար է պատկերացնել Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,-ասաց ՀՀ նախագահը։
Սերժ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ ստորագրել է որոշում՝ հոգաբարձուների խորհրդի անդամներին, տեղական մարմինների ատենապետներին և գործադիր վարչության որոշ աշխատակիցների պարգևատրելու մասին:
Նիստի սկզբում անհամաձայնություն առաջացավ հոգաբարձուների խորհրդի անդամների ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև, երբ նախագահը հայտարարեց, թե հրավիրվածներից՝ Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանը խորհրդի անդամների ձայների մեծամասնությունն ստանալու դեպքում, պետք է դառնա խորհրդի անդամ:
Հիմնադրամի մի քանի անդամներ մտահոգություն հայտնեցին, թե Ջերրի Մանուկյանը կարող է հետագայում դրամահավաքություն իրականացնել՝ իրենց անունից:
Սակայն նախագահը նկատեց, որ չկա որևէ մտահոգիչ խնդիր, և ձայների մեծամասնությամբ, Ջերրի Մանուկյանը դարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդի անդամ:
Այնուհետև, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Վարդանյանը վերահաստատվեց հիմնադրամի գործադիր տնօրենի իր պաշտոնում, ով, նախագահի խոսքերով, այս երեք տարիների ընթացքում աշխատել է բարեխղճորեն:
Նիստի ընթացքում ցուցադրվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կատարած աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ։
Նիստի օրակարգում նաև ընգրկված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը 2011թ-ի կատարած աշխատանքների մասին, վերստուգիչ հանձնաժողովի «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ հաշվեքննիչ կազմակերպության եզրակացության ներկայացում, հիմնադրամի Մարաթոն-2012-ի նպատակաուղղվածության մասին: Վերջում նախատեսվում է հաշվետվություն և առաջարկությունների քննարկում:









