Խորհրդարանի մշտական հանձնաժողովների ղեկավար կազմը՝ ըստ Դոնթի բանաձևի. ՀՀԿ-ին 8 տեղ, ԲՀԿ-ին՝ 4

12:38 • 30.05.12

«ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանվում է, որ նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստում ԱԺ նախագահի, փոխնախագահների՝ փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրություններից անմիջապես հետո պետք է ձևավորվեն ԱԺ մշտական հանձնաժողովները՝ դրանց նախագահներն ու տեղեկալները, մինչդեռ ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունը միայն այսօր՝ Գործադիր մարմնի նիստում կքննարկի հանձնաժողովի նախագահների ու տեղակալների իր թեկնածուների հարցը:


Արդյո՞ք, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ու տեղակալների վերաբերյալ ՀՀԿ-ի՝ դեռ պահպանվող լռությունը, անհարմար վիճակի մեջ չի դնում, մասնավորապես, ԲՀԿ խմբակցությանը: Tert.am-ի այս հարցին Հանրապետական կուսակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանն ահա այսպիսի պատասխան տվեց. «ԱԺ մշտական հանձնաժողովը կոլեգիալ մարմին է, և ամեն մի պատգամավոր դրանում ունի իր ներդրումը, իսկ հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի «դիրեկտորը չէ», ինչպես նաև ԱԺ նախագահը՝ ԱԺ-ի»:


Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Tert.am-ին հայտնել էր, որ նոր ձևավորվելիք ԱԺ–ի և կառավարության հետ կապված՝ իրենց կուսակցության ներսում առկա բոլոր բաց հարցերը կքննարկվեն «հաջորդ դասին», այսինքն, մայիսի 30-ի ԳՄ նիստում:


Իհարկե, հնարավոր է, որ ներքին քննարկումների արդյունքում՝ ՀՀԿ-ն արդեն իսկ որոշել է իր թեկնածուներին և միայն այսօր՝ ուշ երեկոյան կամ վաղը, կհնչեցնի ՀՀԿ թեկնածուների և այն հանձնաժողովների անունները, որոնք կգլխավորեն հանրապետականները: Սակայն ակնհայտ է, որ այս անորոշությունն անհարմար վիճակի մեջ է դրել խորհրդարան մտած մյուս ուժերին, այն առումով, որ հանձնաժողովի ղեկավար կազմում առաջադրվելու համար թեկնածուները պետք է որոշ առումով պատրաստված լինեն:


Ինչպես ցույց է տալիս բոլոր գումարումների ԱԺ-ներում հանձնաժողովների ձևավորման պրակտիկան, հանձնաժողովի նախագահի և տեղակալի թեկնածուները մանրամասնորեն պատասխանում են գործընկերների հարցերին և ոչ ֆորմալ առումով, ներկայացնում են իրենց ծրագիրը: Հետևաբար, այս անորոշությունը մյուս խմբակցությունների թեկնածուներին զրկում է նախապատրաստվելու հնարավորությունից: Պատկերավոր ասած՝ նրանք պետք է նախապատրաստվեն 12 մշտական հանձնաժողովների գործունեության վերաբերյալ իրենց տեսլականները ներկայացնելուն, երբ դա կարող էին անել 4-ի, 3-ի, կամ 1-ի դեպքում:


Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում չհամաձայնեց այն մտքի հետ, թե հանձնաժողովի նախագահի թեկնածուները ծրագիր են ներկայացնում, հետևաբար, դրան պետք է մի քանի օր առաջ պատրաստված լինեն. «Այո, հարցեր կարող են տրվել, նրանք կարող են պատասխանել, բայց թեկնածուն ծրագիր չի ներկայացնում և չեմ կարծում, որ թեկնածուները պատրաստվելու կարիք ունեն»:


Վերջինս հիշեցրեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքում վերջերս ներառված Դոնթի բանձևով՝ հանձնաժողովներում առաջին առաջադրման իրավունքը Հանապետականինն է, երկրորդը ԲՀԿ–ինը (որպես ամենամեծ թվով պատգամավորներ ունեցող խմբակցությունների- Tert.am ), երրորդը և չորրորդը՝ կրկին ՀՀԿ-ինը, հինգերորդը՝ կրկին ԲՀԿ-ինը, վեցերորդն ու յոթերորդը՝ կրկին ՀՀԿ-ինը և այսպես մինչև կսպառվեն ԱԺ 12 մշտական հանձնաժողովները: Արդյունքում, ստացվում է, որ ՀՀԿ-ն կունենա 8, իսկ ԲՀԿ-ն՝ 4 հանձնաժողովի նախագահներ:


«Սակայն խմբակցությունները միմյանց կարող են տեղեր զիջել. կզիջենք մե՞նք, «Բարգավաճ Հայաստա՞ն»-ը, թե՝ ո՞վ, դա արդեն հարցի տասներորդ կողմն է»,- նկատեց Դավիթ Հարությունյանը:


Հիշեցնենք, որ նման պրակտիկա նախորդ խորհրդարանում գործում էր: Օրինակ, երբ կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ին թողնվեցին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի կամ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնները:


Նշենք, որ նույն Դոնթի բանաձևով են հաշվարկվում և առաջադրվում նաև հանձնաժողովների նախագահների տեղակալները: Երկու տարի առաջ «Ընդդիմության մասին» ընդունված օրենքով, (որն ավելի ուշ ևս մեկ անգամ լրացման ենթարկվելով ընդգրկվեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում), ընդդիմությունը պատգամավորական տեղերի առումով բարձր գործակիցներ ունենալու դեպքում ևս օգտվում է հանձնաժողովների ղեկավար կազմում տեղեր ունենալու իրավունքից:


Տեղեկացնեք, որ առայժմ «Հայ ազգային կոնգրես»-ի և «Ժառանգության» գործակիցների մասին պաշտոնական հայտարարություններ չկան:


Նկատենք, որ Դոնթի բանաձևով են կազմվում եվրոպական բոլոր խորհրդարանական կառույցների, ինչպես օրինակ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրահանձնաժողովի ղեկավար կազմերը: