Կանադացի պահպանողականներին փոստով կտրված ոտք են ուղարկել
Անհայտ անձինք Կանադայի Պահպանողականների կուսակցության շտաբ-բնակարան մի ծանրոց են ուղարկել, որում կտրված ոտք է եղել, հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով մայրաքաղաք Օտտավայի ոստիկանությանը:
Շտաբ-բնակարանի աշխատակիցները, տեսնելով արնաթաթախ արկղը, դիմել են ոստիկանություն: Դեպքի վայր մեկնած` առավել վտանգավոր նյութերի հետ գործ ունեցող մասնագետները, բացելով արկղը, հայտնաբերել են կտրված ոտք:
Օտտավայի ոստիկանությունը պարզաբանել է, որ ծանրոցն ուղարկվել է «Կանադայի պահպանողական կուսակցությանը»` առանց որևէ կոնկրետ հասցեատիրոջ: Երկրի վարչապետ Սթիվեն Հարփերն այս կուսակցության անդամ է, սակայն նրա նստավայրը գտնվում է այլ վայրում:
Ավելի վաղ կանադական այլ քաղաքում` Մոնրեալում, հայտնաբերվել էր մարմնի մեկ այլ մասով ճամպրուկ: Ոստիկանությունը փորձում է կապ գտնել 2 դեպքերի միջև:









