ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Բելգիան պատրաստ են մասնակցել ռազմական ներխուժմանը Սիրիա

08:59 • 30.05.12

Բելգիայի պաշտպանության նախարար Պիտեր դե Կրեմը հայտարարել է, որ այդ երկիրը պատրաստ է մասնակցել ռազմական ներխուժմանը Սիրիա: Ըստ պաշտոնյայի՝ նման քայլ հնարավոր է, եթե Բելգիային խնդրեն և մասնակցությունը լինի միջազգային գործողության շրջանակներում:

 

«Եթե Բելգիային դիմեն և կառավարությունը դա հարկավոր համարի, մենք կարող ենք այդպես գործել», - մասնավորապես ասել է դե Կրեմը:

 

Ինքը՝ Բելգիան, չի պատրաստվում նման նախաձեռնությամբ հանդես գալ: Ըստ նախարարի՝ խոսք չի կարող գնալ նաև մի քանի երկրներից բաղկացած խմբի մասին, հարկավոր էմիջազգային հանրության և ՄԱԿ-ի աջակցությունը:

 

Նա Սիրիայում ստեղծված դրությունը համեմատել է «վառոդի տակառի» հետ՝ նկատելով, որ ցանկացած անզգուշություն հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար:

 

Դե Կրեմը բացառել է նաև ՆԱՏՕ-ի՝ Լիբիայում անցկացրած գործողության տիպի միջամտություն Սիրիայի դեպքում:

 

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս հայտարարել էր, որ «չի բացառում» ռազմական միջամտությունը Սիրիայում, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությամբ: Այս մասին նա հայտնել է France 2-ի եթերում և նկատել, որ ռազմական լուծման համար հարկավոր է նաև Ռուսաստանի ու Չինաստանի համաձայնությունը:

 

Մինչ այդ նաև Սպիտակ տան մամուլի Քարտուղար Ջեյ Քարնին հայտնել էր, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս Սիրիայի հակամարտության հետագա ռազմանականացման դեմ, սակայն ճանապարհին չի բացառում ոչ մի քայլ:

 

Այս երկրների թվին է միացել նաև Ավստրալիան՝ ի սատարում Ֆրանսիայի միջամտության որոշման, հայտնում է Australian թերթը: