Հունիսին Հայաստանը կսկսի Ազատ առևտրի բանակցությունների 1-ին փուլը. Էկոնոմիկայի փոխնախարար
Հայաստանը կարողացավ հաղթահարել Եվրամիության առաջադրած այն բոլոր նախապայմանները, որոնք թույլ կտան նախաձեռնել խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի գործընթացներն սկսելու բանակցային առաջին փուլը, այս մասին այսօր ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական ենթակոմիտեի 11–րդ նիստին հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ով նաև ենթակոմիտեի համանախագահն է և Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցողը հայկական կողմից:
Ըստ նրա, բանակցային զրո ռաունդից իրենք բարեհաջող անցել են բանակցային արդեն առաջին ռաունդ, որի մեկնարկը կտրվի հունիսի 19-20-ին Բրյուսելում:
Այսօրվա նիստի ընթացքում կողմերը ոչ միայն գնահատեցին համաձայնագրի ներկայիս վիճակն ու դրա շուրջ զարգացումները, այլ նաև անդրադարձան ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցության գրեթե բոլոր ուղղություններին, այդ թվում՝ Հայաստանում ընդհանուր մակրոտնտեսական զարգացումներին, միջազգային ֆինանսական հաստատությունների համագործակցության զարգացումներին, երկկողմ առևտրում ներկա զարգացումներին՝ ներառյալ ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգին (GSP+):
«Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը տարբերվում է սովորական համաձայնագրերից նրանով, որ այն առնչվում է տնտեսության արտաքին առևտրային գործունեությանն առնչվող բոլոր հնարավոր ոլորտներում աճ, զարգացում և բարեփոխում ապահովելու ճանապարհով եվրոպական մակարդակ հաստատելուն Հայաստանի տնտեսության ոլորտներում»,- ասաց Գարեգին Մելքոնյանը և հստակեցրեց, որ խոսքը ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին առևտրի մասին է:
Ըստ փոխնախարարի, այսօր ԵՄ-ն իր 27 երկրներով հանդերձ ՀՀ-ի համար մեկ առևտրային գործընկերն է: «Ըստ ցուցանիշի՝ մեր արտահանման 47 %-ն ուղղվում է ԵՄ երկրներ, դա լրջագույն ցուցանիշ է և արդեն իսկ ցույց է տալիս, թե ԵՄ-ն ՀՀ–ի համար ինչպիսի նշանակություն ունի որպես տնտեսական գործընկեր»,- ասաց նա:
Ազատ առևտրի համաձայնագրի եվրոպական կողմի բանակցող, ԵՄ առևտրի գլխավոր տնօրինության ղեկավար, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Դեվինյենի խոսքերով՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի գործընթացները սկսելու որոշումը հիմված է եղել ԵՄ հանձնաժողովի զեկույցի վրա. «Որտեղ ասվում է, որ Հայաստանի իշխանությունները բավականաչափ քայլեր են արել բարեփոխումների ոլորտում: Խոսքը վերաբերում է առևտրի նկատմամբ տեխնիկական խոչընդոտների վերացման ոլորտին , մրցակցության դաշտին, մտավոր սեփականության դաշտի կարգավորմանը և մյուս ոլորտներին, որտեղ բավականաչափ բարեփոխումներ արդեն իսկ կատարվել են»,-ասաց նա:
Լյուք Դեվինյեն հստակեցրեց, որ նշելով բավականաչափ առաջընթաց, ինքը նկատի ունի, որ շատ այլ հարցեր դեռևս լուծված չեն:
«Հույս ունենք, որ նոր կառավարությունը, երբ որ ձևավորվի, նույն ձևով կշարունակի բարեփոխումները և այն ժամանակի ընթացքում, երբ բանակցությունները կսկսեն, այդ ընթացքում պակաս կողմերը կլրացվեն և մենք կպատրաստվենք վերջնական ծրագրի մեկնարկին» ,-ասաց Լյուք Դեվինյեն :
Ազատ առևտրի համաձայնագրի եվրոպական կողմի բանակցողն ընդգծեց, որ համաձայնագրի կիրառումից շահելու է ոչ միայն հայկական բիզնես կողմը, այլ նաև՝ հայ սպառողը:
«Պատկերացրեք, եթե սննդի անվտանգության չափանիշները կիրառվեն, ապա շուկայից ժամկետանց ապրանքները կվերանան, իսկ դրանից առաջին հերթին կշահի սպառողը»,-ասաց նա:
Բուն գործընթացի սկսվելու համար նա հստակ ժամկետ չնշեց, ասելով, որ դա քաղաքական որոշում է լինելու, սակայն իր մասով վստահեցրեց, որ արագության համար չեն զոհի բովանդակությունը: «Այդ բոլոր դեպքերում մենք փորձում ենք ունենալ կայուն արագություն»,- ասաց նա:









