Սոչիում 142 հայ է ձերբակալվել
Սոչիում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ 142 հայ է ձերբակալվել: Այս մասին «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնել է Սոչիի «Սևան» հայ համայնքի ղեկավար Հրաչ Մակեյանը:
Մայիսի 26-ի գիշերը խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքի հայերի ու օլիմպիական օբյեկտների շինարարական աշխատանքներին մասնակցող չեչենների միջև:
«Չեչենները նեղացրել են մեր աղջիկներին` հայուհիներին, որոնք Վերջին զանգի միջոցառումից տուն էին վերադառնում: Եվ նրանք, վախեցած, իրենց եղբայրներին են պատմել: Վերջիններս էլ որոշել են հաշվեհարդար լինել չեչենների հետ»,- ասել է Մակեյանը:
Հայ համայնքի ղեկավարն ընդգծել է, որ դեպքի վայր են այցելել հատուկջոկատայիններն ու ոստիկանները: Նրա խոսքով` բախում է տեղի ունեցել ոստիկանության հետ, ինչի հետևանքով իշխանություններին չենթարկվելու համար ձերբակալվել է 142 հայ: Նա հայտնել է, որ հայերն արդեն բաց են թողնվել և նրանցից միայն մեկն անազատության մեջ կմնա 5 օր:
Կատարվածի պատճառները բացատրելով` հայ համայնքի ղեկավարն ընդգծել է, որ իրենք ուղղակի «արդեն զզվել են քաղաքի փողոցներում ու խանութներում եկվորների վատ վարքագծից»:
«Նրանք (եկվոր բանվորները) իրենց սխալ են պահում, ես դրա հետ համաձայն եմ, սակայն հաշվեհարդար տեսնել նրանց հետ ոչ ոք թույլ չէր տվել: Մենք ապրում ենք Ռուսաստանում ու պետք է ենթարկվենք այս երկրի օրենքներին: Սակայն բոլորը չէ, որ սա հասկանում են»,- ասել է Մակեյանը:
Մայիսի սկզբներին հերթական ծեծկռտուքի ժամանակ զոհված 24-ամյա հայ մարզիկ Յուրի Գարանյանի գործի հետ կապված` նա ասել է, որ միջադեպի կապակցությամբ այցելել է Դաղստանի վարչապետը: Վերջինս զրույցի ժամանակ ասել է, որ ոչ ոք չի ցանկացել Գարանյանի մահը, և դեպքը հանկարծակի է կատարվել: Մարդասպանը գտնվում է հետախուզման մեջ:









