Սիրիայում հայազգի զինվորի մահվան լուրը ստուգվում է
Տեղեկություններ կան, որ Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչ, սիրիական բանակի զինծառայող Լևոն Գույումջյանը (ծնված` 1992 թ. հունվարի 1-ին) երեկ երեկոյան հակակառավարական ուժերի լարած թակարդի զոհն է դարձել, որի ժամանակ զոհվել է 18 սիրիացի զինվոր: Կան նաև այրված ու այլանդակված դիեր, վիրավորներ:
Դեպքը տեղի է ունեցել Սիրիա-Թուրքիա սահմանին գտնվող Բաբ Ալ Հաուա շրջանում:
Դամասկոսի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Քահքեջյանը Tert.am-ին հայտնեց, որ Լևոն Գույումջյանի մարմինը 18 զոհերի մեջ չի եղել, սակայն դեռ ստուգված չեն այլանդակված ու այրված մարմինները, և, ամենայն հավանականությամբ, հայ երիտասարդի դին եղել է նրանց մեջ:
Նշենք, որ Սիրիայում սկիզբ առած ազգային հուզումների հետևանքով սա չորրորդ հայի մահվան դեպքն է:









