Մահմուդ Աբբասը թույլատրել է Յասիր Արաֆաթի մարմնի արտաշիրմումը
Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հաստատել է Յասիր Արաֆաթի մարմնի արտաշիրմումը: Դա կարվի Արաֆաթի մահվան պատճառները պարզելու նպատակով, որի համար ինքնավարության ղեկավարությունը շվեյցարական ռադիացիայի ինստիտուտի մասնագետներին է հրավիրել, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը` հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Նախորդ շաբաթ կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ էր ցուցադրել, որը նվիրված էր Արաֆաթի մահվան կասկածելի հանգամանքներին:
Ֆիլմում, մասնավորապես, ներկայացվում է ուսումնասիրություն, որը կատարված է Արաֆաթի հագուստի և իրերի հետազոտման հիման վրա: Իր կյանքի վերջին օրերին Արաֆաթի կրած ու օգտագործած իրերը «Ալ Ջազիրա»-ին էր փոխանցել նախկին այրին: Հեռուստաալիքը, իր հերթին, դրանք ուղարկել էր Լոզանի ռադիոֆիզիկայի ինստիտուտ` փորձաքննության:
Ինստիտուտի տնօրեն Ֆրանսուա Բոշուն հայտարարել էր, որ ուսումնասիրությունը ցույց է տվել, թե նախկին առաջնորդի անձնական իրերում, ինչպես նաև նրա արյան, մեզի և քրտինքի մեջ հայտնաբերվել է պոլոնիում-210 ռադիոակտիվ նյութի բարձր պարունակություն, որն էլ կարող էր պատճառ լինել 75-ամյա քաղաքական գործչի առողջության կտրուկ վատացման:









