Ջրհեղեղի հետևանքով Հնդկաստանի արգելոցում սատկել է մոտ 600 հազվագյուտ կենդանի

14:02 • 09.07.12

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով արևելյան Ասսամ նահանգում գտնվող Կազիրանգա ազգային պարկում սատկել է ավելի քան 570 հազվագյուտ կենդանի, այդ թվում` միաեղջյուր ռնգեղջյուրներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Times of India-ին:

 

Հնդկաստանի հյուսիս-արևելյան շրջանն ապրում է վերջին տարիների ամենահզոր ջրհեղեղը։ Առավել ծանր դրություն է Ասսամ նահանգում, որտեղ մուսոնային անձրևների հետևանքով ափերից դուրս է եկել Բրահմապուտրա գետը` ողողելով նահանգի մի շարք բնակավայրեր:


Ջրի տակ է անցել Կազիրանգա ազգային պարկի մոտ 70%-ը: Այս պարկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկված է համաշխարհային ժառանգության ցանկում: Այստեղ են բնակվում վագրեր, փղեր, եղնիկներ, աշխարհում խոշորագույն միաեղջյուր ռնգեղջյուրների պոպուլյացիան և հազվադեպ այլ կենդանիներ:


Ազգային պարկի ղեկավարությունը նշել է, որ կատարվածն իսկական աղետ է արգելոցի համար: Ենթադրվում է, որ սատկած կենդանիների թիվն ավելին է, սակայն նրանց լեշերը դեռ չեն հայտնաբերվել: