«Արի տուն»–ը աշխարհի տարբեր երկրներից հայրենիք է բերում հայ երիտասարդներին. Հրանուշ Հակոբյան
ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր կայացել է «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի բացումը, որին ներկա են եղել Երևանի վարչական շրջանների, տեղական ինքնակառավարման մարմինների, սփյուռքի հայ համայնքների, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի մասնակիցները:
Ողջունելով ներկաներին և ազդարարելով «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի մեկնարկը` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը նշել է.«Ամեն անգամ հանդիպելով «Արի տուն» ծրագրի մասնակիցներին` ոգեշնչվում եմ, որովհետև ծրագիրն, իրոք, այնքան հրաշալի է և գեղեցիկ, որ աշխարհի տարբեր երկրներից հայրենիք է բերում հայ երիտասարդներին` համախմբում, մերձեցնում, միաժամանակ նրանց մեջ ամրապնդում ազգային մշակույթը, մայրենի լեզուն պահպանելու, հայրենիքը սիրելու զգացումը»:
Ծրագրին աջակցելու համար նախարար Հ.Հակոբյանը շնորհակալություն է հայտնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հյուրընկալ ընտանիքներին:
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի «Վիկտորիա և Գրիգոր Թյությունջյան» վարժարանի մայրենիի ուսուցչուհի Էլիզաբեթ Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով «Արի տուն» ծրագրի իրականացման համար, նշել է. «Հայրենիքից դուրս լինել և մնալ հայ, ապրել հայկական ավանդույթներով դժվար է, սակայն ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերը միմյանց են միացնում աշխարհի հայերին»:
Ռուսաստանի Պերմի մարզի Հայկական մշակույթի կենտրոնի «Մեսրոպ Մաշտոցի» անվան կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ժասմեն Հայրապետյանը ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրել է Պերմի հայկական համայնքի մասին գրքեր և դպրոցի գործունեության վերաբերյալ տեսաերիզներ:
«Արի տուն» ծրագրի չորրորդ փուլին կմասնակցի ԱՄՆ-ից, Վրաստանից, Կանադայից, Արգենտինայից, Ռուսաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Կիպրոսից, Հոլանդիայից ժամանած շուրջ 200 երիտասարդ:









