Իտալական լողափերում գրադարաններ կհայտնվեն
Իտալական Չիլենտո շրջանի լողափերում մեկնարկել է «Լողափնյա գրադարաններ-2012» ակցիան, որն առաջարկել է Կաստելաբատե քաղաքի շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպությունը:
Ինչպես հայտնում է Italia-ru-ն, այժմ Կաստելաբատեի, Մոնտեկորիչեի և Պոլիկա-Աչարոլիի լողափերում կարելի է հանդիպել գրադարանների, որտեղից կարելի է անվճար գիրք վերցնել և վերադարձնել այն` լողափը լքելիս:
Առավել ընթերցասեր այցելուների համար նախատեսված են նաև «հատուկ անձրևանոցներ», որոնք տեղադրված են ափից մի փոքր հեռու`անաղմուկ մի վայրում: Ի դեպ, ցանկացողները կարող են իրենք համալրել լողափնյա գրադարաններն իրենց գրքերով:
Հանգստի սեզոնից հետո գրքերն իրենց տեղը կգտնեն հանրային գրադարաններում:









