Բաքվում մուրացկանների թիվն օրեցօր ավելանում է
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի փողոցներում օրեցօր ավելանում է մուրացկանների թիվը: Ինչպես հայտնում է Salam News-ը` վկայակոչելով Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությանը, այս տարեսկզբից Ադրբեջանի մայրաքաղաքում վարչական կարգով ձերբակալվել է 1.562 մուրացկան:
Անցկացված դիտարկումների համաձայն` հատկապես սարսափելի պատկեր է «Հունվարի 20» և «Էլմլյար Ակադեմիյասը» մետրոկայարանների մուտքի մոտ: Այստեղ վաղ առավոտից հավաքվում են հաշմանդամներ, կույրեր, մանկահասակ երեխաների գրկած կանայք, տարեցներ ու սկսում փող մուրալ: Սակայն նրանցից շատերին «աշխատանքի» են բերում գումար վաստակելու հեշտ միջոց ընտրած երիտասարդ կանայք ու տղամարդիկ:
Ըստ գործակալության` տարիներ շարունակ «Հունվարի 20» կայարանի մուտքի մոտ է կանգնում 65-70 տարեկան մի կույր տղամարդ, յուրաքանչյուր եղանակի նա նույն ճղճղված բաճկոնով փող է մուրում: Երբ նրան անցորդներից մեկը գումար է տալիս, րոպեներ անց տղամարդուն է մոտենում լավ հագնված մի կին ու վերցնում ողջ գումարը:
Բաքվի ոստիկանությունն անհանգստացած է նաև «հղի» մուրացկանների փաստով, որոնք իրենց «փորերով» փող են մուրում հասարակական տրանսպորտում:
Այս կապակցությամբ Բաքվի ոստիկանությունն իր անհանգստությունն է հայտնել ու հայտարարել համապատասխան միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության մասին:









