ԵԿՄ-ն որևէ թեկնածուի չի սատարում, այլ կանգնած է արցախցու թիկունքին. ԵԿՄ

12:30 • 09.07.12

«Երկրապահ կամավորականների միությունը» պաշտպանում է Արցախի և Արցախի ժողովրդի դատը, կանգնած է նրա կողքին, բայց համարում է, որ անկախ պետության ներքին գործերին միջամտելու որևէ իրավասություն չունի՝ միջամտելով այդ երկրում ծավալվող ընտրական գործընթացներին:


Tert.am-ին հայտնեցին ԵԿՄ լրատվական վարչությունից, որ «ԵԿՄ-ն Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին պաշտպանելը համարում է Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտում, դա բացառապես ԼՂՀ ժողովրդի իրավունքն է, ինչն անելու իրավունք չունի ոչ ՀՀ իշխանությունը և ոչ էլ ընդդիմադությունը»:


Ինչպես հաղորդում է Lurer.com-ը, ԼՂՀ տարբեր շրջաններից արցախյան պատերազմի ավելի քան 100 մասնակիցներ հանդես են եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակ-դիմումով (դիմումն ուղղվում է Սերժ Սարգսյանին ոչ միայն որպես ՀՀ նախագահի, այլ նաև որպես մարտական ընկերոջ -Tert.am), որում նրանք արտահայտում են իրենց ակնկալիքն այն հարցում, որ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում ՀՀ նախագահը կօգտագործի իր ազդեցությունն Արցախի իշխանությունների վրա և վերջիններիս հեռու կպահի վարչական ռեսուրսների օգտագործումից ու այլ անօրինական գործողություններից:


Ազատամարտիկների նամակում գրված է .«Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունների ազդեցությունը վճռորոշ դեր է խաղում Արցախի նախագահի ընտրություններում: Արցախցի ընտրողը ավանդապես հաշվի է առնում պաշտոնական Երևանի դիրքորոշումը:


2007թ. ընտրություններին Դուք անձամբ աջակցել եք Բակո Սահակյանին, ինչն էլ կարևոր դեր է խաղացել վերջինիս նախագահ ընտրվելու գործում: Մեզնից շատերը վստահել են Ձեզ ու Ձեր թեկնածուին` ունենալով առաջընթացի սպասումներ: Սակայն անցած հինգ տարիները ցույց տվեցին, որ Բակո Սահակյանը չի արդարացրել մեր սպասումները և շեղվել է իր իսկ նախընտրական ծրագրի դրույթներից: Արդյունքում տեղի է ունեցել կոռուպցիայի կենտրոնացում և կոռումպացվածության ծավալների մեծացում, տնտեսության մեջ` մենաշնորհների հաստատում, հարկային ճնշումների ուժեղացում, ժողովրդին վախեցնելու նպատակով անվտանգության մարմինների օգտագործում: Նման մթնոլորտն առաջացրել է հոռետեսություն, հիասթափություն` դրդելով հասարակության ակտիվ մասին, այդ թվում գործարարների, հեռանալ երկրից:


Այս ամենի պատասախանատվությունը կիսում եք նաև Դուք, քանզի Բակո Սահակյանը պաշտոնավարման ընթացքում մշտապես ստացել է Ձեր աջակցությունը»,- ասված է արցախյան պատերազմի մասնակիցների բաց նամակում: